Անապահովության նպաստի դիմումները կդիտարկվեն միայն, եթե դիմողները համաձայնեն կատարել պետության առաջարկած աշխատանքը։ Սա Կառավարության նոր պիլոտային նախագիծն է, որով գործադիրը փորձելու է ստիպել աղքատներին չլինել աղքատ։
«Աշխատանքին համաձայնվելու դեպքում, բնականաբար, օգնում ենք գտնել աշխատանք, որից հետո կտանք նպաստի համակարգում մնալու որոշակի ժամկետ, որպեսզի կարողանա մարդը կամ ընտանիքը սոցիալ-տնտեսական վիճակը կայունացնել»,- Կառավարության նիստին ասել է Սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը:
Բացի այս, նոր նախագծով նպաստի դադարեցման սանկցիա կկիրառվի այն ընտանիքների նկատմամբ, որոնք պարտադիր հանրակրթության տարիքի երեխաներին չեն տանի դպրոց:
Նպաստ չեն ստանա նաև այն ընտանիքները, որոնք իրենց անշարժ գույքը գրավ կդնեն: Այս կերպ, ըստ նախարարի, հնարավոր կլինի զսպել անապահով ընտանիքի՝ անօթևան դառնալու ռիսկը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետությունը չի պատրաստվում կոմֆորտ ստեղծել այն «սիրելի» քաղաքացիների համար, որոնք որոշել են աղքատ լինեն և հավելեց, որ անհրաժեշտության դեպքում պետք է նաև ճնշում գործադրել նրանց հանդեպ։
Նախագծով կվերանայվեն ընտանիքի անապահովության գնահատման բնութագրիչները, կփոխվեն նպաստների նշանակման և վճարման ընթացակարագերը, կներդրվեն աղքատության փուլային հաղթահարման մոդելներ։
Նպաստի շահառու կարող են լինել այն ընտանիքները, որոնց մեկ անդամին հասնող ամսական եկամուտը ցածր է պարենային զամբյուղից։
Այն ընտանիքները, որտեղ աշխատանքային տարիքի աշխատունակ անդամ չկա կամ նա ծանրաբեռնված է 3-ից մինչև 5 խնամառու անդամով, կապահովվեն նպաստի չափի որոշակի հավելում:
Նոր համակարգի հիմքում կդրվի ընտանիքի ամսեկան եկամուտը։ Եթե եկամուտը հաշվարկելը դժվար լինի, կառավարությունը կգնահատի ակտիվներն ու ընտանիքի բարեկեցությունը, թե ինչ մեխանիզմներով՝ չի հստակեցվում։
Ծրագիրը կգործարկվի մարզերից մեկում 1-2 ամիս ժամկետով, կիրականացվի մոնիթորինգ, ապա կտարածվի մյուս մարզերում:
The post Կառավարությունը կստիպի աղքատներին չլինել աղքատ first appeared on Epress.am.