Այս մասին Էդվարդ Նալբանդյանն ասել է դեկտեմբերևի 3-ին Բելգրադում ՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարական խորհրդի 22-րդ նիստին:
«Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը երբեք չի քննադատել համանախագահներին: Ադրբեջանի մեղադրանքները համանախագահների հասցեին՝ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության համար, սոսկ փորձ են՝ կոծկելու խաղաղության հաստատման հիմնական խոչնդոտը՝ կարգավորմանը բանակցությունների միջոցով գնալու քաղաքական կամքի բացակայությունը Բաքվում»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Ադրբեջանը պարծենում է, թե կարող է հակամարտությունը լուծել նավթային եկամուտների հաշվին սպառազինմամբ:
«Հակամարտության կարգավորումը պահանջում է անհրաժեշտ քաղաքական կամք, որը պետք է դրսեւորվի խաղաղ գործընթացին անվերապահ հավատարմությամբ: Մենք կրկին եւ կրկին ականատես ենք լինում ողջ բանակցային գործընթացի ժամանակ Ադրբեջանի կողմից նախապես ձեռք բերված համաձայնությունները չհարգելու շարունակական քայլերին: Բաքվի կողմից առաջարկներն ընդունելու մերժումը, որոնք հանդիսանում են մոտ 20 գագաթաժողովների անխոնջ ջանքերի, նախարարների մակարդակով մի քանի տասնյակ հանդիպումների եւ համանախագահների կողմից բազմաթիվ տարածաշրջանային այցելությունների արդյունք, լուրջ հարված են հասցրել բանակցային գործընթացին եւ մեծապես վնասել են վստահության ամրապնդմանը: Հետեւաբար բանակցությունների սեղանի շուրջ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի սանձահարումը անհրաժեշտ է խաղաղության գործընթացի համար»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը։
Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է ԼՂ հակամարտության պատրվակով արդարացնել ԵԱՀԿ իր պարտավորությունների խախտումը:
«Նույն կերպ Բաքուն փորձում է շեղել ուշադրությունը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակից եւ այս հարցով աճող միջազգային քննադատությունից՝ սրելով ռազմական իրավիճակը հակամարտության գոտում: Մենք վստահ ենք, որ Բաքվի կողմից լարվածության սրման քայլերին միջազգային արձագանքը չպետք է լինի պակաս թիրախավորված եւ խիստ, քան Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված քննադատությունները»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: