Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների սառեցման հիմնական պատճառն այն է, որ առ այսօր Բաքուն չի տեսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ մեզ անհրաժեշտ դիրքորոշում: Ըստ ԱՊԱ-ի, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մախմուդ Մամեդգուլիևը:
Նրա ասելով, Ադրբեջանը ԵՄ է ներկայացրել համագործակցության շուրջ համաձայնագրի նոր նախագիծ, որը նախատեսում է ռազմավարական գործընկերության հաստատում Ադրբեջանի և Եվրամիության միջև: «Համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու համար ԵՄ արտաքին կապերի դեպարտամենտը պետք է տրամադրի համապատասխան մանդատ, և դրանից հետո միայն կարելի է սկսել համաձայնագրի շուրջ բանակցությունները: Իհրակե, կողմերի փոխհարաբերություններում առկա է որոշ սառեցում: Խոսքը վերաբերում է ոչ միայն Եվրախորհրդարանի բանաձևին: Բնական է, որ այն նույնպես իր դերը խաղացել է, քանի որ այնտեղ շատ անճիշտ հարցեր կան: Սակայն սառեցման հիմնական պատճառն այն է, որ մինչ օրս մենք չենք կարողացել տեսնել Լեռնային Ղարաբաղի հարցի նկատմամբ մեզ հարկավոր դիրքորոշում: Ռիգայի գագաթնաժողովում նրանք հայտարարեցին, որ պաշտպանում են «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու սահմանների անխախտելիությունը: Սակայն ամփոփիչ կոմյունիկեում ոչ մի պարագրաֆ չգրեցին այն մասին, թե ինչպես կարգավորել այդ հակամարտությունը», - վրդովվել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը, հավելելով, որ ԵՄ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ողջ պատասխանատվությունը դնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա:
«Երբ գործը վերաբերում է Ադրբեջանին, նրանք հայտարարում են, որ կա Մինսկի խումբ, որը ինչ որոշման էլ որ հանգի, իրենք այն կպաշտպանեն: Սակայն խոսքն այն մասին է, թե որն է նրանց դիրքորոշումը: Ի՟նչ սկզբունքների շրջանակում պետք է կարգավորվի այդ հակամարտությունը», - եզրափակել է նա: