VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազատության հրապարակում շարունակվեց սահմանադրական փոփոխություններին դեմ ձեւավորված «Նոր Հայաստան» ճակատի նախաձեռնած նստացույցը: Հիշեցնենք, որ նստացույցի մասնակիցները պահանջում են, որ իշխանությունները նախ հրաժարվեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու գաղափարից, այնուհետեւ սկսեն քննարկել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը: Նստացույցի առաջին գիշերը հրապարակում մնացել է մոտ 30 մարդ: Օրվա ընթացքում էլ նստացույցի մասնակիցների թիվը մեծ չէր: Իսկ երեկոյան, երբ տեղի ունեցավ հանրահավաքը, նախորդ օրվա պես մարդաշատ չէր: Մինչ հանրահավաքի մեկնարկը «Ժողովուրդ»-ը զրուցել է «Նոր Հայաստանի» շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանի հետ` հասկանալու համար, թե ո՞րն է լինելու ընդդիմության հաջորդ քայլը, եթե իշխանությունները չբավարարեն պահանջները: «Մենք ընտրել ենք բռնություն թույլ չտալու տարբերակը, սակայն այդ ընտրությունը հավերժ չէ: Այսօր մենք Րաֆֆիի հետ եկել ենք այն եզրակացության, որ երկար չենք կարող գերի դառնալ նաեւ այդ հանգամանքին: Այսինքն՝ եթե պետք լինի, ամեն գնով պետք է գնալ փոփոխության,- մեր թղթակցին ասել է Սէֆիլյանը` հավելելով,-քիչ առաջ ինձ զանգեցին ու ասացին, որ բարձրաստիճան ինչ-որ չինովնիկ ասել է, որ իրենց համար հանրաքվեն մահու-կենաց կռիվ չէ, այսինքն՝ հնարավոր է նաեւ հրաժարվեն: Չգիտեմ, թե դա որքանով է ճիշտ»:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին մի շարք բուհերի, ինչպես նաև ֆակուլտետների ուսանողական խորհրդի նախագահները փորձում են ուսանողներին համոզել, խնդրել, որպեսզի ֆեյսբուք սոցիալական ցանցում միանան «այո»-ի քարոզչական էջին։ Մեր տեղեկություններով, ուսխորհուրդների նախագահներն անկեղծանում են, որ իրենց վրա «լայքերի թիվ է դրված», և պետք է ամեն գնով ապահովեն դա։ Բացի այդ, մի շարք ուսխորհուրդների նախագահներ այս օրերին զբաղված են ուսանողներից անձնագրային տվյալներ հավաքելով, ընդ որում, նրանք պահանջում են ներկայացնել ոչ միայն տվյալ ուսանողի, այլև նրա ընտանիքի անդամների անձնագրերը»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում մեր էլեկտրաէներգետիկ համակարգում արձանագրված ցացանիշները այնպիսին են, որ ենթադրում են էլէներգիայի սակագնի նվազում։ Այս է վկայում Հայաստանում էլէներգիայի արտադրանքի կառուցվածքը։ Խնդիրն այն է, որ այս տարվա ամռանը սակագինը բարձրացվեց այն պատճառաբանությամբ, թե 2013 թվականը եղել է սակավաջուր, իսկ ատոմակայանը նախատեսվածից 88 օր ավելի է կանգնած եղել։ Եվ այդ պատճառով ավելի շատ էլէներգիա է արտադրվել ջերմաէլեկտրակայաններում, որոնց արտադրանքն ավելի թանկ է։ Սակայն այս տարվա առաջին 10 ամիսներին ՋԷԿ-երում արտադրված էլէներգիան նվազել է 9 տոկոսով, իսկ ատոմակայանում ու ՀԷԿ-երում՝ ավելացել համապատասխանաբար 11.4 և 7.6 տոկոսով։ Իսկ դա նշանակում է, որ էներգահամակարգում հայտնվել է ավելի քան կես միլիարդ կիլովատ ժամ էժան էլէներգիա, և դա ավելի քան բավարար է սակագինը նվազեցնելու համար»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Տեւական ժամանակ «մասնավոր այցով» արտերկրում գտնվող Ծառուկյանը Հայաստան է վերադառնալու հանրաքվեից հետո: Նա մեկնել էր Պրահա՝ ՀԱՕԿ պատվիրակությամբ, մասնակցելու ՄՕԿ-ի համաժողովին: Արտերկրում նշել է տարեդարձը, հիմա էլ, ըստ որոշ տեղեկությունների, Դուբայում է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում ծավալելիք քաղաքական գործունեության բնույթն արդեն սկսել է նշմարվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա իր կողմնակիցների հետ որոշել է դաշտում վարել «ագրեսիվ» մարտավարություն: Սակայն նրանց թիրախում լինելու են ոչ թե իշխանությունները, այլ Աբրահամյան «փրկչի» կերպարը կասկածի տակ դնողները: Նա արդեն իսկ հանձնարարել է ֆեյսբուքյան մեկնաբանություններ գրող «լաչառների թիմ» հավաքել: Ենթադրվում է, որ այդ թիմը պետք է հակազդի բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն Աբրահամյանին պիտակավորել` ասելով անգրագետ, Ռուսաստանի ծառա եւ այլն: Նույն գործելաոճով ծրագրում են լռեցնել նաեւ այն լրագրողներին ու լրատվամիջոցներին, որոնք կհամարձակվեն քննադատել նորահայտ «փրկիչին»: Թե ինչքանով կօգնեն լրատվական դաշտին ու անհատներին ուղղված հարձակումները՝ պիտակներից ազատվելու հարցում, դժվար է ասել: Բայց Գագիկ Ծառուկյանի օրինակը վկա՝ անհնար է գումարով անգրագետից ինտելեկտուալ լուրջ կերպար ստանալ»: