«Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում մեր էլեկտրաէներգետիկ համակարգում արձանագրված ցացանիշները այնպիսին են, որ ենթադրում են էլէներգիայի սակագնի նվազում։ Այս է վկայում Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրանքի կառուցվածքը», - գրում է «Հայկական ժամանակը»։
«Խնդիրն այն է, որ այս տարվա ամռանը սակագինը բարձրացվեց այն պատճառաբանությամբ, թե 2013 թվականը եղել է սակավաջուր, իսկ ատոմակայանը նախատեսվածից 88 օր ավելի է կանգնած եղել։ Եվ այդ պատճառով ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրվել ջերմաէլեկտրակայաններում, որոնց արտադրանքն ավելի թանկ է։ Սակայն այս տարվա առաջին 10 ամիսներին ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիան նվազել է 9 տոկոսով, իսկ ատոմակայանում ու ՀԷԿ-երում՝ ավելացել համապատասխանաբար 11.4 և 7.6 տոկոսով։ Իսկ դա նշանակում է, որ էներգահամակարգում հայտնվել է ավելի քան կես միլիարդ կիլովատ ժամ էժան էլեկտրաէներգիա, և դա ավելի քան բավարար է սակագինը նվազեցնելու համար», - նշում է «Հայկական ժամանակը»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը բացառել էր նման հնարավորությունը: Նրա ասելով, ՀԷՑ-ը պետք է, առաջին հերթին, արդյունավետ կառավարման հաշվին նվազեցնի կորուստները, որոնք զգալիորեն գերազանցել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած ցուցանիշները: