Հանգանակված միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար իրականացվող աջակցության ծրագրերին։
Հիմնադրամի տնօրեն Սիրանուշ Ասատրյանը ներկայացրել է հիմնադրամի ստեղծման պատմությունն ու նպատակները։ Ելույթ են ունեցել հիմնադրամի համահիմնադիրներ Անգին Մովսիսյանը եւ Էդգար Էլբակյանը, հոգաբարձուների խորհրդի անդամ Սերգեյ Մելքոնյանը։
Նրանք ներկայացրել են հիմնադրամի ստեղծման հիմքում դրված գաղափարները, սկզբունքներն ու փիլիսոփայական հիմքերը։
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել հայկական տարբեր ապրանքանիշերի, կազմակերպությունների ու անհատների տրամադրած բացառիկ իրերի բարեգործական աճուրդ, որից առաջացած հասույթն ուղղվելու է հիմնադրամի նպատակների իրագործմանը։
Հիմնադրամը դրամահավաք-երեկոյի նպատակակետ էր սահմանել 2 000 000 միլիոն դրամի հավաքագրումը: Առատաձեռն հանգանակությունների եւ բարեգործական աճուրդի շնորհիվ հավաքագրվել է սահմանված շեմի կրկնակիից ավելին։
«Հայկական առաքելություն» բարեգործական հիմնադրամը շնորհակալություն է հայտնում «Ջիջի», «ԱՐԷԴ ՔՈ» ընկերություններին, «Տիտան» սուպերմարկետների ցանցին, «Հայ արծիվներ» հիմնադրամին, Արմաշի ալյուրի գործարանին՝ տարատեսակ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաեւ Արամ Նիկոլյանին, Նարեկ Վան Աշուղաթոյանին, Արտակ Բաղդասարյանին, Մերի Դավթյանին, «Թորգոմ» ընկերությանը, «Կերամազարդ» ստուդիոյին՝ բարեգործական աճուրդի լոտերի տրամադրման համար։
«Հայկական առաքելություն» հիմնադրամն ակտիվ գործունեությունն սկսել է 2023 թ․ սեպտեմբերին՝ Արցախի ժամանակավոր հայաթափման օրերից։ Կազմակերպության գործունեությունն ուղղված է ժամանակավորապես բռնի տեղահանված արցախցիներին տարաբնույթ աջակցության ցուցաբերմանը։ Հիմնադրամի գործունեության կարեւորագույն սկզբունքներից մեկն իրականացվող ծրագրերի աստիճանական ընդլայնումն է, դրանց շարունակականության ապահովումը։ Մինչ այս պահը «Հայկական առաքելություն» հիմնադրամն աջակցել է 2200 արցախցու, որից 560-ը՝ երեխաներ, աշխատանքով ապահովել 8 ընտանիքի, կազմակերպել 1 պանելային քննարկում, 2 մասնագիտական դասընթաց եւ ամանորյա 2 միջոցառում։