Նոյեմբերի 25-ին մեկնարկել է «Փնտրվում են Սանտաներ» (Santas Wanted!) օնլայն նախաձեռնությունը, որը հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհից Սուրբ ծննդյան նվերներ նվիրել Հայաստանի գյուղերի երեխաներին:
Քրաուդֆանդինգի հարթակներից մեկում մեկնարկած նախաձեռնությունն առաջին շաբաթվա ընթացքում հավաքել է $1435-ի նվերներ:
Նախաձեռնության հեղինակը ONEArmenia-ն է: Վերջինիս եւ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերության համագործակցության շրջանակում երեխաներին կարելի է նվիրել ԱրմԹաբ պլանշետներ:
Ներկայացված են նաեւ «Զանգակ» հրատարակչության գրքերը, Homeland Development Initiative Foundation-ի կողմից հագուստ, AVA Shoes-ի եւ Yeghvard Botas-ի կոշիկներ, ինչպես նաեւ մեղր՝ Honey.am-ից:
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ից Itel.am-ին հայտնել են, որ այս արշավի շրջանակում ընտրվել են այնպիսի պրոդուկտներ, որոնք իմաստալից են թե դրանք ստացող երեխաների, թե արտադրողների եւ նվիրողերի համար: Հարթակում ներկայացված բոլոր նվերներն արտադրված են Հայաստանում:
Նվերն ընտրելուց եւ վճարում կատարելուց հետո ONEArmenia-ն՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ համատեղ, դրանք կտրամադրի զարգացման փուլում գտնվող հայկական գյուղերի երեխաներին: