Դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեւանի կենդանաբանական այգում հյուրընկալել էին համատեղ իրականացվող հերթական ծրագրի` այգում անցկացվող հիպոթերապիայի մասնակից` հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ծնողներին:
«Մեր օրերում, ցավոք, նվազագույնի է հասել մարդ-բնություն-կենդանական աշխարհ կապը, այնինչ հենց այդ ներդաշնակությունն է մարդու` հոգեւոր եւ ֆիզիկական առողջության գրավականը: Կենդանիների հետ շփման դրական արդյունքը վաղուց է արձանագրվել գիտնականների կողմից, իսկ հիպոթերապիան առանձնահատուկ դեր ունի հաշմանդամություն ունեցող երեխաների բուժման գործում: Բնության գրկում գտնվելու եւ կենդանիների հետ շփվելու առավելությունից զրկված են հատկապես քաղաքաբնակները, եւ ուրախալի է, որ այժմ Երեւանում եւս կա հիպոթերապիայի կենտրոն, ուր կարող են այցելել եւ ծրագրից օգտվել հատուկ կարիքներով երեխաներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հոգ է տարել, որպեսզի ծրագիրը հասանելի լինի երեխաներին անվճար հիմունքներով, եւ ֆինանսական դժվարությունները խոչընդոտ չհանդիսանան փոքրիկների ապաքինման գործում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այս համատեքստում իրականացվող հիպոթերապիայի ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 1-ից: Հիպոթերապիան բուժական ֆիզկուլտուրայի տարատեսակ է` վերականգնողական գործընթաց, որն իրականացվում է ձիերի հետ շփման եւ ձիավարության միջոցով:
Այս ընթացքում ծրագրում ներգրավված տասնյակ երեխաներ շաբաթը երկու անգամ այգու ձիարշավարանում անվճար ձիավարելու եւ հատուկ վարժանքների մասնակցելու, իսկ մնացած օրերին իրենց հետ աշխատող ձիերի հետ շփման` անձամբ կերակրելու եւ խնամելու հնարավորություն են ստացել:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ այգու տարածքում իրականացվող ծրագրին երեխաները կկարողանան մասնակցել անվճար հիմունքներով: