«ՍոֆթԿոնստրակտ» ՏՏ ընկերությունը հյուրընկալել է Մալթայի էկոնոմիկայի նախարար Սիլվիո Շկեմբրիի գլխավորած պատվիրակությանը։
Մալթացի բարձրաստիճան հյուրի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Վիգեն Բադալյանը եւ Վահագն Բադալյանը, «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը, «Ֆասթ Բանկի» գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը եւ այլք։ Նրանց ուղեկցությամբ Սիլվիո Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում, եղել «Ֆասթ Բանկ» ՓԲԸ, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ, «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ, ինչպես նաեւ «Ucraft»-ի, «Hoory»-ի, «CreedRoomz»-ի գրասենյակներում, ծանոթացել ընթացիկ եւ զարգացման ծրագրերին։
Այցի ընթացքում նշվել է, որ առաջատար տեխնոլոգիաների արտադրությամբ եւ տարածմամբ զբաղվող «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնագիտացած է, մասնավորապես, ծրագրային ապահովման, ֆինանսական ծառայությունների մատուցման, Web3 նախագծերի խթանման, արհեստական բանականության եւ մետատիրույթի գործիքակազմի մշակման եւ բազմաթիվ այլ ուղղություններով։ Անդրադարձ է եղել Fastex էկոհամակարգին եւ այդ շրջանակում իրականացվող թվային փոխակերպման գործընթացին։
Նախարար Սիլվիո Շկեմբրին նշել է, որ Մալթայում տեսախաղերի զարգացման ռազմավարությունը պետական մակարդակով վաղուց է գործում եւ զուգորդվում է ոլորտին վերաբերող կրթական ծրագրերով: Նա հույս է հայտնել, որ այս հանդիպումները հիմք կդառնան գործնական կապերի համար։ Սիլվիո Շկեմբրիի շրջայցը եզրափակվել է ՏՏ ոլորտի զարգացման եւ կիբերանվտանգության մասին քննարկումներով։