Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը չի վերաճի ռազմական բախման, սակայն կունենա էական ազդեցություն Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, որտեղ խաչվում են Մոսկվայի և Անկարայի շահերը: Ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է վարի զգուշավոր և շրջահայաց քաղաքականություն, որպեսզի իր համար հնարավորինս նվազեցի Ռուսաստան-Թուրքիա հակամարտության բացասական հետևանքները: Մյուս կողմից բացառված չէ, որ Թուրքիան կփորձի երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ Ադրբեջանի միջոցով ապակայունացնելով իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:
«Պատերազմը Ռուսաստանի և Թուքիայի միջև բացառված է, քանի որ դա նշանակում է զինված բախում միջուկային գերտերության և ՆԱՏՕ-ի միջև: Հյուսիսատլանդյան դաշինքում ևս կան երկրներ միջուկային զենքի ներուժով: Ուստի բոլորն էլ հասկանում են, որ պատերազմն այս պարագայում կբերի աշխարհի ոչնչացման», - նշեց ՀՀ Պաշտպանութան նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ հավելելով, որ թեև պատերազմը բացառավում է, սակայն երկու տարածաշրջանային գերտերություների հակասությունների սրացումն անպատճառ կունենա ռազմաքաղաքական հետևանքներ: «Հենց այդ պատճառով Ռուսաստանը փորձելու է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում», - նշեց Հարությունյանը:
«Մեդիա կենտրոնում» դեկտեմբերի 2-ին Վաղարշակ Հարությունյանի, ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի և ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի մասնակցությամբ տեղի ունենավ քննարկում «Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների սրացման ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա» թեմայով:
Թուրքիայի օդուժի կողմից ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցման փաստը պատճառ հանդիսացավ ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացման: Կողմերը քաղաքական և ռազմական ղերավարությունների մակարդակով հնչեցնում են փոխադարձ մեղադրանքներ: Նրանք մեղադրանքներից արդեն անցել են կոնկրետ գործողությունների: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հրամանագիր է ստորագրել: Անկարան սկսել է սահմանափակել Ռուսաստանի ռազմանավերի մուտքը Բոսֆորի նեղուց:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Թուրքիայի հետ ռազմական կապերի դադարեցման մասին: Բացի այդ Ռուսաստանը С-300 և С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել Սիրիայում: Միաժամանակ, Ռուսաստանում փորձում են օգտագործել «հայկական գործոնը» Թուրքիայի վրա ազդեցություն գործելու համար: Պատահական չէ, որ այս օրերին ՌԴ Պետական դումա է ներկայացվել Օսմանյան կայսրությունում 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության ժխտման պատասխանատվությունը քրեականացնող օրինագիծ:
Իրավիճակը գնալով բարդանում է: Դատելով ռուս և թուրք բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների հայտարարությունների սրությունից` երկրների հարաբերությունների թեժացման ջերմաստիճակը շարունակում է աճել։ Հարավային Կովկասում մեծ ուշադրությամբ են հետևում, թե ինչպես են զարգանում իրադարձությունները տարածաշրջանում, քանի որ այն բազմաթիվ անգամ թատերաբեմ է դարձել երկու գերտերության համար, որոնք վերջին 400 տարում հասցրել են միմյանց դեմ պատերազմել 12 անգամ։
Այնուամենայնիվ Ալեքսանդր Արզումանյանն իրավիճակը որակում է որպես Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարության «PR-պատերազմ»: «Համամիտ եմ, որ ռազmական բախումը Թուրքիայի և Ռուսաստանի միջև դժվար հավանական սցենար է: Սա ավելի շատ «PR-պատերազմ» է, որում Հայաստանը չպետք է ներքաշվի, քանի որ մի կողմից հանդես է գալիս Ռուսաստանի նման գերտերությունը, որը Հայաստանի դաշնակիցն է: Մյուս կողմից նույնպես տարածաշարջանային գերտերություն է, որը թեև Հայաստանի հետ որևէ դիվանագիտական կապեր չունի, սակայն անմիջական հարևան է», - պարզաբանեց նա՝ հավելելով, որ այս ենթատեքստում պաշտոնական Երևանի զգուշավոր պասիվությունը տեղին է:
«Հայաստանը պետք է հետևի իրադարձությունների զարգացմանը և հետևություններ անի, ոչ թե ներքաշվի այս գործընթացի մեջ», - ասաց Արզումանյանը՝ հավելելով, որ իրավիճակը բավականին զգայուն է Ադրբեջանի համար, որն ունի էներգետիկ և առևտրային շահեր Ռուսաստանի հետ, կախված է նրանից նաև ղարաբաղյան հակամարտության հարցում, սակայն հանդիսանում է Թուրքիայի դաշնակիցը տարածաշրջանում: «Ադրբեջանը հայտնվել է երկու կրակի արանքում», - ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Թեև Ռուսատսնի և Թուրքիայի միջև ռազմական բախումներ չեն լինի, սակայն հարաբերությունների գահավիժումը, ըստ Արտակ Զաքարյանի բացասական անդրադարձ կունենա գրեթե բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլն: Ստեղծված իրավիճակը, նշում է բանախոսը, նոր մարտահրավեր է Հրավային Կովկասի համար: «Սա կլինի Ռուսաստանին ազդանշան տարածաշրջանում իր շահերի ավելի արդյունավետ պաշտպանության համար», - հավելեց Զաքարյանը:
Ռուսաստանն, ըստ Վաղարշակ Հարությունյանի, այս համակարտության արդյունքում կամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում, հատկապես Հայաստանում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան: «Տեղի կունենա բազայի հզորացում, կբերվեն նոր M-24 և M-8 ռազմական ուղղաթիռներ, ինչպես նաև կստեղծվի միասնական հակաօդային պաշտպանության համակարգ: Այս ամենի արդյունքում ռուսական զորախումբն այստեղ դառնալու է ավելի հզոր և արագաշարժ», - պարզաբանեց նա:
Միևնույն ժամանակ ռուս-թուրքական հակամարտության ազդեցության շառավիղը չի բացառվում, որ դուրս գա Սիրիայի սահմաններից և տարածվի Հարավային Կովկասի վրա: Հատկապես, որ նախադեպն արդեն կա, հիշեցնում է Վաղարշակ Հարությունյանը, և հավելում. «Հոկտեմբերի սկզբին թուրքական ռազմական ուղղաթիռները երկու անգամ խախտել են Հայաստանի օդային տարածքը։ Սա մեկնաբանվեց, որպես պատասխան Ռուսաստանին, ում կործանիչներն այդ դեպքից օրեր առաջ հայտնվել են Թուրքիայի օդային տարածքում»:
Հատկանշական է, որ երկու դեպքում էլ օդային սահմանի խախտումը տեղի է ունեցել երկու անգամ` մի քանի վայրկյան տևողությամբ: Կողմերը որպես միջադեպերի պատճառ բերեցին «վատ եղանակային պայմանները»։
Հարությունյանի կարծիքով պետք չէ բացառել, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը կարող է բացասական ազդեցություն ունենա իրավիճակի վրա ղարաբաղյան հակամարտության գոտում: «Հնարավոր է, որ Թուրքիան փորձի Ադրբեջանի միջոցով ապակայունացնել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության շփման գծում, ինչը նոր ճակատ է բացում Ռուսաստանի համար: Սա մարտավարություն է, որում Թուրքիան հետաքրքրված է, քանի որ այդ դեպքում Ռուսաստանը ներքաշվելու է նաև Ղարաբաղում պատերազմի մեջ և ավելի է թուլանալու: Սակայն իմանալով Ալիևին՝ կարող եմ ասել, որ նա նման քայլի չի գնա, քանի որ գիտի հետևանքների մասին», - ասաց Վաղարշակ Հարությունյանը:
Նրա խոսքով, այս ֆոնին պատահական չէին հայտարարությունները սահմանի երկյանքով զորքերի վերադասավորման և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Հայաստան այցի մասին: «Թուրքիայի հետ տեղի ունեցող իրադարձություններից բացի, այդ ամենի նպատակը մեկն էր, որպեսզի Ադրբեջանը պատրեազմի սցենարը մտքից հանի», - հավելեց պաշտպանության նախկին նախարարը:
Արտակ Զաքարյանը չհամաձայնեց Հարությունյանի կարծիքի հետ՝ նշելով, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումն անմիջական ազդեցություն չի ունենա ղարաբաղյան հակամարտության վրա: «Նման ազդեցություն կլիներ, եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստան-Թուրքիա ռազմական բախման դեպքում փորձեր արկածախնդրության գնալ ղարաղաբյան ճակատում և վտանգեր իր ազգի ճակատագիրը: Սակայն ոչ մեկ հետաքրքրված չէ, որպեսզի իրադարձությունները նման կերպ զարգանան և տարածաշրջանը ընկղմվի ավելի մեծ խնդիրների մեջ», - հակադարձեց նա:
«Եթե Թուրքիայի նախաձեռնությամբ ղարաբաղյան ճակատում տեղի ունենա սրացում, սա կնշանակի Ռուսաստանի լիակատար աջակցություն Լեռնային Ղարաբաղի բանակին: Այս առումով Ադրբեջանի հնարավոր սադրանքը ղարաբաղյան ճակատում ոչ միայն վտանգավոր չէ, այլ ապահով է: Եթե Թուրքիան փորձի սրել հարցը Ղարաբաղում, այդ խնդիրը կարող է շատ ավելի արագ լուծում ստանալ», - եզրափակեց Ալեքսանդր Արզումանյանը: