ԱԳՆ–ից հայտնում են, որ հանդես գալով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին Արարատ Միրզոյանն ասել է.
«Ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման եւ սահմանների սահմանազատման գործընթացին` հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Կա իրական հնարավորություն, պատմական պահ՝ վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատեւ խաղաղության համար։
Որպես խաղաղության օրակարգի եւ տարածաշրջանային զարգացման տեսլականի մաս՝ Հայաստանը նաեւ մեծապես շահագրգռված է բոլոր տարածաշրջանային հաղորդակցություններն ապաշրջափակելու հարցում՝ հիմնված երկրների ինքնիշխանության եւ իրավասության լիակատար հարգման, իրավահավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա»: