«Չինարին իմ երկրորդ Արցախն է: Իհարկե, առաջինը լինել չի կարող, բայց... փորձելու եմ գոնե ապրել այնպես, ինչպես իմ ծննդավայրում, սեփական ուժերով նորից ստեղծել այն, ինչ ունեցել եմ Արցախում»,- ասում է 44-օրյա պատերազմի մասնակից, հադրութեցի Տիգրանը:
Պատերազմ, հարազատ տան ու գյուղի կորուստ, շրջափակվում: Չափազանց ծանր այս շղթան հաղթահարելով՝ Տիգրանը վճռել է.. շարունակելու է ապրել: Նա կառուցելու է իր նոր տունը հայրենիքի այս անկյունում՝ արդեն Մարիամի հետ:
Հարսանիքը Չինարիում ու հատկապես պսակադրությունը՝ անմիջապես սահմանագլխին գտնվող Խորանաշատ վանական համալիրում, կարեւոր խորհուրդ ունեն Մարիամի ու Տիգրանի համար: Հավատում են՝ միասին հաղթահարելու են բոլոր դժվարությունները:
Կյանքը՝ պատերազմից առաջ եւ հետո
Տիգրանը ծնվել է Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել Ստեփանակերտ՝ սովորելու պետական բժշկական քոլեջում: Ուսումն անավարտ թողնելով՝ մեկնել է ժամկետային զինվորական ծառայության, իսկ ծառայությունից հետո կրկին համալրել Պաշտպանության բանակի շարքերը՝ արդեն որպես պայմանագրային զինծառայող:
Մարիամի ծնողները Տավուշից են: Ինքը ծնվել է Բյուրեղավանում, մայրաքաղաքում ստացել բուժքրոջ մասնագիտություն:
«Երբ սկսվեց պատերազմը, աշխատում էի որպես բուժքույր: Նաեւ ավագ սերժանտ եմ: Պատրաստվում էի կամավորագրվել եւ որպես բուժքույր մեկնել Արցախ. եղբայրներս Արցախում էին, ես էլ պետք է այնտեղ լինեի: Ինչ-ինչ պատճառներով, սակայն, չգնացի, ու, ցավոք, չկարողացա գնալ նաեւ պատերազմից հետո»,- պատմում է Մարիամը:
Պատերազմի սարսափի, կորուստների մասին Տիգրանը չի խոսում: Երկար լռում է, հետո հազիվ լսելի ձայնով ասում.
«Հադրութի մասին եք հարցնում... իսկ ես մինչեւ հիմա չեմ հավատում այն ամենին, ինչ տեղի ունեցավ: Ես չեմ հաշտվում կորստի հետ: Շատ բան չեմ կարող ասել, բայց հավատում եմ, որ մի օր ինչ-որ բան փոխվելու է: Հավատում եմ, որ սա վերջը չէ»:
44-օրյա պատերազմից հետո Տիգրանը տեղափոխվել է Ստեփանակերտ, որոշակի դադարներով շարունակել ծառայությունը: Առողջական խնդիրներով պայմանավորված՝ մեկնել է Երեւան՝ վիրահատվելու: Հաջորդ օրը սկսվել է Արցախի լիակատար շրջափակումը:
Սերը. անտեսելով հեռավորությունը
Իսկ սերը «ծնվել է»՝ անտեսելով Ստեփանակերտ-Բյուրեղավան հեռավորությունը: Տիգրանը պատահաբար տեսել է Մարիամի լուսանկարը ինստագրամում, բավականին երկար ժամանակ ուսումնասիրել է աղջկա օգտահաշիվը:
«Լուսանկար ունեմ հորեղբորս տղայի հետ, որը ծառայել է Արցախում (ավելի ուշ պարզվեց, որ ժամանակին Տիգրանի հետ նույն դիրքում մարտական հերթապահություն են իրականացրել): Մի օր՝ վաղ առավոտյան, նամակ ստացա: Զիվորական համազգեստով ինձ անծանոթ երիտասարդը հարցնում էր՝ արդյո՞ք Եղիշեն եղբայրս է: Անկեղծ ասած՝ բավականին ուշ ու դժկամությամբ պատասխանեցի: Ասաց, որ եղբորս ծառայակից ընկերն է եղել եւ նրա հեռախոսահամարը խնդրեց: Շատ սառը պատասխանեցի, որ չեմ կարող հեռախոսհամարը փոխանցել: Բավականին լարված խոսակցություն ստացվեց: Այնուհետեւ եղբորս հարցնելուց հետո հեռախոսահամարը գրեցի՝ հույս ունենալով, որ դա վերջին նամակագրությունն է: Բայց վերջինը չէր... Տիգրանը գրում էր տարբեր առիթներով, ու մեր կապը շարունակվեց՝ որպես ընկերներ: Մի օր ասաց, որ սիրահարվել է եւ ինձ խնդրեց օգնել իրեն, որ յուրօրինակ ձեւով սեր խոստովանի «այդ աղջկան»: Այդ պահին զգացի, որ ինձ համար այդքան էլ հաճելի չէր Տիգրանի սիրահարված լինելու փաստը (ժպտում է...): Հետո ինձ համար էլ շատ անսպասելի ասաց, որ ինձ է սիրում: Մեկ ամիս անց եկավ՝ ծնողներիս հետ ծանոթանալու: Հանդիպեցինք նաեւ ծննդյանս օրը: Հետո շատ էի կարոտում ու անընդհատ: Զինվորական համազգեստով մարդ տեսնելիս՝ ինձ թվում էր՝ Տիգրանն է: Ուզում էի գնալ Արցախ: Շատ դժվար օրեր ենք ապրել»:
Տիգրանը հնարավորինս համառոտ է ներկայացնում սիրո պատմությունը՝ տեսա, հավանեցի, արդյունքը տեսնում եք:
«Չինարին իմ երկրորդ Արցախն է... »
Բերդ համայնքի Չինարի բնակավայրում հաստատվել է Արցախից բռնի տեղահանված 11 ընտանիք՝ հիմնականում բազմանդամ:
Արցախցի Տիգրանի եւ Մարիամի նորաստեղծ ընտանիքը համալրեց այդ շարքը:
«Ինձ շատ հարազատ մի ընտանիք սեպտեմբերյան իրադարձություններից հետո տեղափոխվեց Չինարի: Եղբայրս նույնպես եկել էր գյուղ, որ սկզբնական շրջանում օգներ նրանց տեղավորվել: Այնուհետեւ միացա նրանց ու ճանաչեցի Չինարին եւ չինարեցիներին: Իմ ու Մարիամի համատեղ որոշումն է եղել պսակադրվել Խորանաշատում, հարսանյաց հանդեսը կազմակերպել Չինարիում եւ մնալ այստեղ՝ շարունակելով ապրել՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների»,- ասում է Տիգրանը:
Հասմիկ Գյոզալյան
Լուսանկարները՝ Աննա Մելյան