Այս մասին ասվում է Քարնեգի հիմնադրամի Եվրոպական ժողովրդավարության աջակցության 2022 տարեկան զեկույցում:
Զեկույցի սզբնամասում նշվում է, որ «ժողովրդավարությունը պաշտպանելու հռետորաբանությամբ լի տարում ԵՄ ժողովրդավարության աջակցության քաղաքականությունը հարմարեցվեց նոր աշխարհաքաղաքական համատեքստին»:
Հեղինակները նկատում են, որ ԵՄ քաղաքականության մեջ առաջնահերթությունը տրվում էր անվտանգության հարցերին, այլ ոչ թե ժողովրդավարության պաշտպանությանը:
«Հայաստանի տարածքի վրա նոր հարձակումներից հետո ԵՄ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկիրառեց: Փաստացի, նրա համար առաջնային էր այդ երկրի հետ մերձեցումը։ ԵՄ-ն առաջնորդում էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդության նոր գործընթաց, եւ երկու երկրների միջեւ հավասարությունը պահպանելու վրա կենտրոնացումը ստվերեց մտահոգությունները ժողովրդավարության մասին: ԵՄ-ն բացահայտ չաջակցեց մասամբ ժողովրդավարական Հայաստանին եւ չընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզը, որ հակամարտությունը ժողովրդավարության եւ ավտոկրատիայի պայքար է, ինչպես Ուկրաինայում», - ասվում է զեկույցում:
«ԵՄ-ն չկարողացավ զգալի միջոցներ տրամադրել Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը՝ կառավարության կողմից սահմանափակումների խստացման պատճառով: Չնայած դրան, ԵՄ-ն ձգտում է ստորագրել Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության նոր համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները սկսել էր 2015 թվականին, եւ առաջարկել է տեքստի նոր նախագիծ:
Հոկտեմբերին ԵՄ-ն որոշում կայացրեց երկամսյա քաղաքացիական սահմանային առաքելության մասին, որը Հայաստանին որոշակի պաշտպանություն առաջարկեց՝ մեղմացնելով ադրբեջանական հարձակումների ինտենսիվությունը: Սակայն Ադրբեջանին ի վերջո սանձեց Միացյալ Նահանգների ավելի «մկանոտ» դիվանագիտությունը», - գրում են զեկույցի հեղինակները: