Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը վրդովվել է, որ Եվրամիությունը լռում է Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հայտարարությունների և այդ գործընթացում Ռուսաստանի դերի մասին։
«Եվրամիության կողմից նկատվում է Ռուսաստանից նախաձեռնությունը խլելու և այդ բոլոր ոլորտներում առաջընթացն իրեն վերագրելու ցանկությունը», – ընդգծել է դեսպանը։
Բոչարնիկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը սկզբնական դեր խաղաց Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացում։ Ինչպես գիտեք, այն հետագայում վերջնական տեսքի բերվեց 2021 թվականին ևս երկու բարձր մակարդակի եռակողմ հայտարարություններով։ Այս բոլոր հայտարարությունները հարաբերությունների կարգավորման գործընթացի ողնաշարն են։ Միևնույն ժամանակ, ես չէի ասի, որ կարգավորման գործընթացն արդեն հասել է ավարտին։ Այն ավելի շուտ իր սկզբնական փուլում է»,- ասել է Բոչարնիկովը «Бакинский рабочий» թերթին տված հարցազրույցում։
Այդուհանդերձ, Բոչարնիկովը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը կարող է «օգուտ տալ այդ գործընթացին, եթե ստանձնի տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման նախագծերի ֆինանսավորումը»։
The post ԵՄ-ն Ռուսաստանից նախաձեռնություն է խլում․ ՌԴ դեսպան first appeared on Epress.am.