Ադրբեջանը պաշտոնական դիմում է ուղարկել FIS-ին՝ հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի գործողությունների վերաբերյալ
Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ պաշտոնապես դիմել է Դահուկավազքի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիային (FIS)՝ պահանջելով գնահատական տալ հայ դահուկորդի գործողություններին։ Գործակալության հաղորդմամբ՝ դիմումում արտահայտվել է դժգոհություն և ընդգծվել է համագործակցության շրջանակում վերահսկողության միջոցառումները խստացնելու անհրաժեշտությունը։
Հայտարարությունում նշվում է, որ նման միջադեպերի վերաբերյալ բոլոր քայլերն ու միջոցառումները կարգավորվում են FIS-ի ներքին կանոններով և ընթացակարգերով, իսկ դրանց կրկնության դեպքում ֆեդերացիան կիրառում է համապատասխան պատժամիջոցներ և տուգանքներ։ Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալությունը շեշտել է, որ մրցումներին մասնակցող մարզիկները պարտավոր են հետևել ֆեդերացիայի մարզական և էթիկական սկզբունքներին, իսկ սպորտի ապաքաղաքականացումն ու էթնիկ ատելության, ռասիզմի, քսենոֆոբիայի և այլ բացասական դրսևորումների բացառումը պետք է լինեն հիմնարար պահանջ։
Նշվում է նաև, որ անցյալ տարվանից FIS-ը և Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալությունը համագործակցում են ձմեռային զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև Ադրբեջանում միջազգային հեղինակավոր ձմեռային մրցումների անցկացման ուղղությամբ։
The post Ադրբեջանը պաշտոնական դիմում է ուղարկել FIS-ին՝ հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի գործողությունների վերաբերյալ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.