Ահա Լոռվա գողտրիկ անկյունում եկեղեցու ներսում պետք է նկարահանվի «Նռան գույնը» ֆիլմից կաթողիկոսի մահվան հետ կապված էպիզոդը։ Ըստ կինոֆիլմի երկրորդ ռեժիսորի պատմածի՝ զանգվածային տեսարանի համար տասնյակ մարդկանց հագցրել էին համապատասխան զգեստներ, և նրանք պետք է ցուցադրեին ժողովրդի վիշտը կաթողիկոսի մահվան առիթով։ Փարաջանովը սովորականի պես նկարահանումից առաջ շիկացած ջղերով այս ու այն կողմ է վազվզում և հրահանգներ է տալիս։ Հանկարծ մի պահ կանգ է առնում և նայում ձորի կողմը, իսկ ձորով ոչխարի հոտն է անցնում։ Մի պահ նայելուց հետո Փարաջանովը կտրուկ հրահանգում է. «Մարդկանց չեմ ուզում նկարահանել, այս հոտը պիտի նկարահանեմ»։
Ո՞վ է կաթողիկոսը՝ հոտի հովիվը, և ահա ֆիլմում տեսնում ենք, թե ինչպես հոգևոր առաջնորդի մահվանից հետո մոլորված ոչխարները լցվում են եկեղեցի, խռնվում իրար գլխի՝ պատերի տակ չիմանալով անելիքները։