Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը 17 տարվա ընտանեկան կյանքից հետո հայտարարել է ամուսնալուծության մասին, գրում է Bild-ը:
Բերբոքը վերջին օրերին Բաքվում էր, որտեղ մասնակցում էր COP29 գագաթնաժողովին։ Լրագրողները նկատել են, որ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն այնտեղ հանրության առաջ է հայտնվել առանց ամուսնական մատանու։ Այնուհետև նա և իր ամուսինը՝ Դանիել Հոլեֆլեյշը, հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ ամուսնալուծվում են 17 տարվա ամուսնությունից հետո։
«Երկար գործընթացի միջով անցնելուց հետո մենք միասին որոշել ենք, որ այլևս զույգ չենք: Հնարավոր շահարկումներից խուսափելու համար նշենք, որ նոր զուգընկերներ չկան: Մեզ համար ամենակարևորն ապահովելն է, որ մեր երկու դուստրերը կարողանան մեծանալ խաղաղության և սիրո մեջ: Ահա թե ինչու մենք շարունակում ենք ապրել Պոտսդամի մեր ընդհանուր տանը»,- ասվում է հայտարարության մեջ»։
Բերբոքն ու Հոլեֆլեյշը սկսել են հանդիպել 20 տարի առաջ: Երկուսն էլ այն ժամանակ Կանաչների կուսակցության անդամ էին: Հետագայում կինը դարձավ դրա ղեկավարներից մեկը, իսկ ամուսինը լքեց կուսակցության շարքերը։ Նրանք ունեն երկու դուստր՝ 9 և 13 տարեկան։