Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դարձել է Միջազգային արևային դաշինքի 104-րդ լիիրավ անդամ: Այս մասին նշված է Հնդկաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
«Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը և Հնդկաստանի ԱԳՆ Տնտեսական դիվանագիտության և Բազմակողմ տնտեսական հարաբերությունների վարչությունների պետ Աբիշեկ Սինգհը պաշտոնապես փոխանակվել են ՀՀ նախագահի կողմից ստորագրված «Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի վավերագրով և որպես նույն համաձայնագրի ավանդապահ կողմ հանդիսացող պետության՝ Հնդկաստանի ԱԳՆ ստացականով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հնդկաստանի և Ֆրանսիայի կողմից հիմնադրված Միջազգային արևային դաշինքին Հայաստանի լիիրավ անդամակցությունն ուժի մեջ է մտել 2024 թ. նոյեմբերի 15-ից, որի համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. նոյեմբերի 16-ին, Երևանում: