«Փաստ» օրաթերթը գրում է.
Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն արդեն տևական ժամանակ է, ինչ բազմաթիվ դիմումներ է հղել ՀՀ կառավարությանը, պետական մի շարք գերատեսչությունների՝ ներկայացնելով պահանջ-առաջարկներ և նպատակ ունենալով կառավարությանը ստիպել գործել ի շահ ՀՀ քաղաքացու՝ ապահովելով նրա որակյալ կյանքն ու անվտանգությունը։
«Փաստը» դիմեց Աուդիտորների պալատի նախագահ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանին՝ ճշտելու՝ այս ընթացքում արդյոք որևէ արձագանք եղե՞լ է, կամ նկատելի՞ են, արդյոք, որոշակի արդյունքներ: Սարգսյանը նախ նշեց, որ նախաձեռնության՝ պետական գերատեսչություններին ուղղված առաջարկ-պահանջները շարունակական են: «Այս պահին պատրաստած 100 առաջարկ-պահանջ ունենք, յուրաքանչյուր շաբաթ դրանք հետևողականորեն ուղարկում ենք: Պատասխանները ստանում ենք բոլոր գերատեսչություններից: Իհարկե, դրանք ստանում ենք մեր նախապես կանխատեսած սցենարի համաձայն:
Դրանցից 20 տոկոսը համաձայնում են կատարել, 80 տոկոսի դեպքում դեմ են լինում կատարել: Բայց էլի արդյունքներից գոհ ենք, որովհետև հենց այդպես էլ նպատակադրել ենք: Ստիպում ենք, որ հրատապ խնդիրներին լուծում տան, որովհետև դրանք օգուտ են բերելու Հայաստանի Հանրապետությանը և քաղաքացիներին»,-ասաց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ այն պահանջները, որոնք դրական լուծում չեն ստանում, ներկայացնելու ենք հանրության դատին:
«Ընդ որում, դրանք ավելի լայն թափով կներկայացնենք ընտրություններից առաջ՝ ցույց տալով, որ խնդիրն ախտորոշված է, դրա լուծումը կա, դրա լուծման արդյունքում ձեր կյանքը կարող էր բարելավվել, բայց այս իշխանությունը դա չիրականացրեց: Դրանով կզրկենք այս իշխանությանն ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից»,- ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: