«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի շուրջ օղակը սեղմվում է. նա, բացի կաշառք պահանջելու վարույթից, նաեւ այլ գործով, ենթադրաբար, միջամտել է արդարադատությանը, որը քրեորեն պատժելի արարք է: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ երկուշաբթի՝ առավոտ, հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում առերես հարցաքննվել է Հովիկ Աղազարյանը, և այդ ընթացքում երկու քաղաքացի պնդել են, որ Աղազարյանը իրենցից կաշառք է պահանջել մանր եղջերավոր կենդանիների արտահանումը անխոչընդոտ կազմակերպելու համար:
Իսկ նրա որդին, օգտվելով օրենքի բացից, (որը օրենսդիր հայրը չի նախաձեռնել կարգավորել), մեծաքանակ ավտոմեքենաներ է ներկրել ՀՀ, արտահանել, ապա պետությունից ստացել է ԱԱՀ-ի վերադարձ: ՀՀ քննչական կոմիտեի արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը ԱԺ-ում հայտարարեց, որ դա անօրինականություն է, դրա համար էլ Աղազարյանի որդու ավտոմեքենաները գտնվում են արգելանքի տակ:
Անցել է մեկ ամիս, եւ «Ժողովուրդ» օրաթերթը հետեւողականորեն փորձում է պարզել, թե ով է դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու մեքենաների գործով: ՔՊ-ականները հրաժարվում էին հայտնել կամ խոստովանել, թե ով է միջամտել քրգործի ընթացքին: Այսպիսով` «Ժողովուրդ» օրաթերթի խիստ իրազեկ աղբյուրները հայտնում են` երկու անգամ դիմում է ուղղվել ՀՀ քննչական կոմիտե, եւ երկու անգամ էլ դիմողը եղել է հենց ինքը` Հովիկ Աղազարյանը: Առաջին անգամ դիմել է անձամբ գործը վարող քննիչին, երկրորդ անգամ՝ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին: Պատգամավոր Աղազարյանը, օգտագործելով իր պատգամավորական լծակները, դիմել է քննիչին, ապա Քյարամյանի տեղակալին եւ համոզել նրանց, որ իր որդու արգելանքի տակ գտնվող մեքենաները հանեն կալանքից:
Մեր իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ գործը քննող քննիչը Աղազարյանի դիմումը փոխանցել է իր վերադասին, վերադասը հայտնել է Արգիշտի Քյարամյանին, իսկ Քյարամյանն էլ մերժել է: Երկրոդ անգամ Աղազարյանը դիմել է ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին. Այվազյանը դիմումի մասին տեղյակ է պահել Արգիշտի Քյարամյանին ու ստացել մերժում:
Այս իրավիճակում ՔՊ-ական պատգամավորի արարքի ենթադրյալ քրեական ծանրությունը չի պակասում: Նա, ենթադրաբար, խախտել է նախ «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքը, որի 3-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերը սահմանում են. «Պատգամավորի լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը՝ ի շահ իրեն կամ այլ անձի»: Բացի այդ, քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասի երկու դրվագով սահմանված է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու եւ խոչընդոտելու արգելքը: Իսկ Աղազարյանն իր դիմումով ենթադրաբար փորձել է խոչընդոտել եւ ազդեցություն ունենալ նախաքննության վրա:
Այսպիսով՝ Հովիկ Աղազարյանը, բացի կաշառքի վարույթից, որն արդեն նախաձեռնված է, նաեւ երկու այլ ենթադրյալ օրինախախտումներ է թույլ տվել, ինչի համար ՀՀ գլխավոր դատախազը պետք է մտնի ԱԺ եւ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկի պառլամենտի միջոցով՝ հարուցելով մեղադրանքներ նրա նկատմամբ: Իսկ եթե մինչ այդ նա մանդատը վայր դնի, թերեւս այս քրեական ենթադրյալ հանցանքները կներվեն, կմոռացվեն:
Կոռուպցիայի դեմ պայքարը այսպիսին է Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: