(19 Նոյեմբերի, 2024թ., ք. Երևան) Ինչպես նախորդ 3 տարիներին, այս տարի ևս «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը կրթաթոշակներ տրամադրեց դեղագիտության ոլորտի ուսանողներին։ Այս տարվա մրցույթը բաց էր Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի օրդինատորների, նույն համալսարանի Դեղագիտության ֆակուլտետի բակալավրի և մագիստրատուրայի, ինչպես նաև ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողների համար:
2024-2025 ուսումնական տարում կրթաթոշակի շահառուները 11-ն են:
«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանն իր խոսքում նշեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր աջակիցներին և հատկապես՝ Հայ-ամերիկյան դեղագետների ասոցիացիային և 10:30 ակումբին մեր այս տարվա կրթաթոշակի ծրագրին ֆինանսապես աջակցելու համար: Շատ կաևոր է, որ ապագա կլինիկական դեղագետները ոլորտի զարգացման այս բարդ ճանապարհին զգան մեր աջակցությունը»:
«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված խոստումնալից կլինիկական դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, և պարզապես հայրենասեր ու օրինակելի հայի՝ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։
4 տարվա ընթացքում հիմնադրամը տրամադրել է 28 մլն ՀՀ Դրամի կրթաթոշակ, ուսման վարձավճար, կրթական գրանտ եւ վերապատրաստման գումար, իրականացրել է լայնածավալ հետազոտություն ՀՀ-ում կլինիկական դեղագիտության զարգացման հեռանկարները նախանշելու ուղղությամբ: