ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից ներկայացված ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցության մասին բանաձևի նախագիծը։ Հայաստանի անունը չի նշվում:
«Այս տարվա նոյեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընթացքում ՄԱԿ-ի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ բանաձև է ընդունվել»,- հայտնում է ՀԱՊԿ կայքը։
Նշվել է, որ «ՀԱՊԿ-ը զգալի ներդրում ունի իր խաղաղապահ ներուժի և տարածաշրջանային անվտանգության ու կայունության համակարգի ամրապնդման, ահաբեկչության և կազմակերպված անդրազգային հանցագործության դեմ պայքարում, թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի, բնական և մարդկային աղետների հետևանքների վերացման գործում, ինչը նպաստում է ՄԱԿ-ի նպատակների և սկզբունքների իրականացմանը»:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա ապագա գոյության և ինքնիշխանության համար»։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության միջազգային ֆորումում ասել էր, որ Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ կապված բոլոր ռիսկերը։