«Լևանտե» ֆուտբոլային ակումբը բարեգործական ակցիայի շրջանակում թողարկել է հատուկ դիզայնով մարզաշապիկների հավաքածու՝ աջակցելու Իսպանիայում ջրհեղեղների զոհերին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մարզաշապիկները նման են ցեխոտ հագուստի՝ ընդգծելով կապը տեղի ունեցած բնական աղետի հետ: Երկուշաբթի օրվանից այս մարզաշապիկներն աճուրդի կհանվեն՝ 100 եվրո մեկնարկային գնով։ Ստացված ամբողջ գումարը կտրամադրվի ջրհեղեղներից տուժածներին օգնելու համար:
Հոկտեմբերի վերջում հարավ-արևելյան Իսպանիայի մի քանի շրջաններում տեղացած առատ անձրևները մեծածավալ ջրհեղեղների պատճառ էին դարձել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 220 մարդ: