Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն Սուխումի խորհրդարանի շենքը, այս մասին փոխանցումէ ՌԻԱ «Նովոստին»:
«Երբ նրանք (ցուցարարները - խմբ.) դուրս գան շենքից, ես հրաժարականի դիմում կգրեմ, և նոր ընտրություններում կտեսնենք, թե որքան աջակցություն կստանանք»,- ասել է Բժանիան Տամիշ գյուղում մարդկանց հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան լքել է հանրապետության մայրաքաղաքը, ու գտնվում է հայրենի Տամիշ գյուղում:
Հիշեցնենք, որ երեկ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում մարդիկ բողոքի ցույց են անցկացրել խորհրդարանի և նախագահական նստավայրի մոտ՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի կնքման։ Սկզբում ցուցարարները բեռնատարով կոտրել են խորհրդարանի շենքի դարպասներն ու ներխուժել, ապա շրջափակել են նախագահականը և կրկին կոտրել դարպասները: Ցուցարարները պահանջել են նախագահի անհապաղ հրաժարականը: Նրանք ձվեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որոնք իրենց հերթին ծխային ռումբեր են օգտագործել։ Խորհրդարանի մոտ կրակոցներ են հնչել. բողոքի ակցիայի ժամանակ տուժել է ութ մարդ:
Առավոտյան ընդդիմության կոչով մարդիկ սկսել են հավաքվել խորհրդարանի մոտ։ Աբխազիայի բարձրագույն օրենսդիր մարմինն այսօր պետք է քննարկեր ՌԴ-ի հետ ներդրումների մասին միջկառավարական համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Սակայն, պատգամավորների որոշմամբ, հանդիպումը չեղարկվել է։
Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանը և Աբխազիան համաձայնագիր են ստորագրել, որը թույլ է տալիս ռուսական ընկերություններին ներդրումային գործունեություն ծավալել հանրապետությունում։ Համաձայնագրի վավերացումը նախատեսված էր նոյեմբերի 15-ին։ Աբխազական ընդդիմությունը կարծում է, որ այս համաձայնագիրը կհանգեցնի «օլիգարխիայի ընդլայնմանը» և Աբխազիայի կողմից տնտեսական ինքնիշխանության կորստի։ Նոյեմբերի 11-ի երեկոյան անվտանգության ուժերը ձերբակալել են համաձայնագրի հակառակորդներին։ Դրանից հետո բողոքի ալիքը տարածվել է ամբողջ Աբխազիայում։