Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Երևանում անցկացվող ամենամյա Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովին` որն այս տարի նվիրված է եղել տնտեսության մեջ արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին:
Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովի երկու ելույթներն ու երեք պանելային քննարկումները նվիրված էին հետևյալ թեմաներին՝ Industry.ai, Invest.ai և Impact.ai։ Վերջին պանելի մասնակիցները քննարկել են արհեստական բանականության ազդեցությունը Հայաստանում արտադրության, տնտեսության, կրթության և այլ ոլորտների վրա։
Ռալֆ Յիրիկյանի հետ պանելին մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Visa-ի ԱՊՀ և Հարավ-Արևելյան Եվրոպայի տարածքի Fintech ընկերությունների և ձեռնարկությունների հետ ռազմավարական համագործակցության գծով տնօրեն Եվգենի Լիսնյակը, CINI կիբերանվտանգության ազգային լաբորատորիայի տնօրեն, CNRS գիտական խորհրդի անդամ Պաոլո Պրինետտոն, Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) Հայաստանի գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը։
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև Silicon Mountains գագաթնաժողովին նվիրված նամականիշի մարման արարողությունը։
Ucom-ը նաև հանդես է եկել որպես գագաթնաժողովի պլատինե գործընկեր։
«Արհեստական բանականությունն այսօր ներթափանցում է բոլոր ոլորտներ, օգտագործվում կազմակերպությունների տարբեր մակարդակներում։ Այս իմաստով շատ կարևոր է, որ աշխատակիցները, մասնագետները տիրապետեն այդ գործիքին, կարողանան գրագետ ու արդյունավետ կերպով օգտվել դրանից։ Մենք Ucom-ում ակտիվորեն աշխատում ենք այս հարցերը լուծելու ուղղությամբ, քանի որ վստահ ենք, որ բիզնեսի ապագան և հաջողություններն ուղիղ կապված են նորարարական գործիքների օգտագործման հետ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Այս տարի ամփոփիչ գագաթնաժողովը նվիրված է ԱԲ կիրառությանը, իսկ պանելային քննարկումները՝ «Industry.ai», «Invest.ai» և «Impact.ai» թեմաներին։ Ընտրված թեմաները ընդգծում են ԱԲ-ի ներդրման ազդեցությունն արդյունաբերությունում, ներդրումային միջավայրում և ընդհանուր ազդեցությունը տնտեսության տարբեր ճյուղերի վրա։ Մենք՝ որպես տեխնոլոգիական համայնք, մեծ նշանակություն ենք տալիս ԱԲ-ին կրթության մեջ։ Ուրախ եմ ներկայացնել մեր նոր կրթական ծրագիրը՝ Step.ai-ը, որը նախատեսված է Հայաստանի ավագ դպրոցների համար և շուտով ներդրվելու է կրթական ծրագրերում և որը մենք ստեղծել ենք մեր գործընկերների հետ», - ասել է իր խոսքում ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Միջոցառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։ Ինովացիոն գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը։ Միջոցառումն անցկացվում է 7-րդ անգամ։