Կիրակի գիշերը Ռուսաստանը 145 անօդաչու թռչող սարք է արձակել դեպի Ուկրաինա, ուկրաինական ՀՕՊ-ը ոչնչացրել է դրանցից 62-ը, 67-ը կորել է տեղում, 10-ը մտել է Մոլդովայի, Բելառուսի տարածք։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը:
«2024 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը հակառակորդը հարձակվել է ռեկորդային թվով ԱԹՍ-ներով։ Զավթիչների հարձակման հետևանքով տուժել են Օդեսայի և մյուս մարզերը։ Վնասվել են բազմաբնակարան շենքեր և մասնավոր սեփականություն, զոհեր չկան, տուժածներին օգնություն է ցուցաբերվում։
Մինչդեռ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն առավոտյան ուկրաինական 70 անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի օդային տարածքում. դրանց գրեթե կեսը ոչնչացվել է Մոսկվայի մարզի օդային տարածքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ից մինչև 10:00-ն Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է: Հերթապահ ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 70 անօդաչու թռչող սարք. 34-ը` Մոսկվայի, 14-ը`Բրյանսկի, 7-ը` Օրյոլի և Կալուգայի, 6-ը` Կուրսկի, 2-ը` Տուլայի մարզերի օդային տարածքներում»,- հայտնել են գերատեսչությունից։