ՀՀ-ի իշխող ուժն իր տեղեկատվական ռեսուրսն ուղղել է ներքաղաքական դաշտի կեղծ լուրերի տարածման ուղղությամբ, իսկ արտաքին տեղեկատվական անվտանգության խոցելիության հարցը շարունակում է մնալ երրորդական:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանական հիմնական քարոզչական կանալներից մեկը երեկ բավականին սադրիչ ու վտանգավոր «արտահոսք» էր հրապարակել, որի ողջ իմաստն այն է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի դրդմամբ նոր հարձակում է նախապատրաստում Ադրբեջանի դեմ, որի նպատակը նոր տարածքներ գրավելն է ու դա հետագայում ադրբեջանական մխրճված հատվածների հետ փոխանակելը:
Գեղարվեստական զեղումներով նյութի` մեզ համար մտահոգիչ հատվածն այն է, որ Ադրբեջանը կա´մ առավել ագրեսիվ թափ է հաղորդում քարոզչական պատերազմին, կա´մ փորձում է Հայաստանի հարձակման իմիտացիա ստեղծել և որևէ ուղղությամբ գործողության գնալ:
Հայաստանի իշխող ուժն իր տեղեկատվական ողջ ռեսուրսն ուղղել է ներքաղաքական դաշտի ապականման, կեղծ լուրերի տարածման և ընդդիմադիր գործիչների վարկաբեկման ուղղությամբ, իսկ արտաքին տեղեկատվական անվտանգության խոցելիության հարցը շարունակում է նրանց համար երրորդական մնալ, ինչի հետևանքով Ադրբեջանն իր ամենակեղտոտ կեղծիքները վերածում է նախ ճշմարտության, ապա որպես մահակ տարբեր դրսևորումներով օգտագործում Հայաստանի դեմ»,-գրել է Աբրահամյանը: