Ովքեր նշում են, որ ֆիզկուլտուրայի ուսուցչի անփութությունն է եղել երեխայի մահվան պատճառը, սխալվում են:
Այս մասին Արմլուրի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարեց Նոր Երզնկա գյուղի դպրոցի տնօրեն Երազիկ Մեսրոպյանը:
«Նա իր պարտականություններն էր կատարել, աշակերտները վոլեյբոլ էին խաղում: Մարզախաղի ժամանակ երեխան կանգնած տեղն ընկել է: Դասընկերներն ու ուսուցիչը այդտեղ էին: Բոլոր ուսուցիչները հասել են, կենսաբանության ուսուցչուհին, որը բուժքրոջ որակավորում ունի անմիջապես հասել է, բժշկուհին է եկել բուժքրոջ հետ, շտապօգնության մեքենան է եկել, ուղղակի երեխան միանգամից մահացել է:
Ծնողն ասում է՝ ոչ մի խնդիր չի ունեցել: Բժշկուհին էլ ասում է, որ երբեք չեն դիմել բժշկի այդ խնդրի հետ կապված:
Լավ սովորող, պարկեշտ երեխա է եղել:
Երեխայի դասընկերն ասեց, որ մի քանի անգամ իր մոտ նշել է, որ սիրտը ցավում է, բայց ես ծնողին հարցրի, ծնողն ասեց՝ երբեք իրենց մոտ ոչ մի բան չի ասել:
Այս պահին բոլորս սպասում ենք դատաբժշկական փորձագետի վերջնական տեղեկանքին, բոլորիս համար հարց է, թե ինչից մահացավ երեխան»,-ասաց տնօրենը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ Նոր Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել: