ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հետևյալ հարցմանը.
- Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Ջաբրայիլում ունեցած ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է Հայաստատնի կողմից սպառազինության տեխնիկայի ձեռքբերումներին և սպառնալիքներ հնչեցրել։ Ընդ որում, այս կամ այն մակարդակի սպառնալից և ագրեսիվ հայտարարություններ վերջին շրջանում Ադրբեջանից առավել հաճախ են հնչում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։
-Պաշտոնական Երևանն արդեն բազմիցս և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի։ Պետք է ընդգծել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի վերջին որոշումը, որով Բարձր դատարանը ստուգեց և հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը և հերքեց բոլոր այն պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում իր որևէ հարևանի նկատմամբ։
Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է նաև, որ չնայած իր որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունի, որովհետև Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության վերը հիշատակված կանոնակարգը տալիս է այդ խնդիրները խաղաղ, բանակցային ճանապարհով հասցեագրելու և լուծելու բոլոր հնարավորությունները։
Ինչ վերաբերում է սպառազինություններին, ՄԱԿ-ի կանոնադրությունը յուրաքանչյուր պետության ինքնապաշտպանության իրավունք է վերապահում։ Ավելին, միջազգային իրավունքը յուրաքանչյուր պետության իր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությամբ է օժտում։ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով։ Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են, ինչի մասին հաճախ հայտարարում է Ադրբեջանի նախագահը։