Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները դատական հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան՝ պնդելով, որ Ռուբեն Վարդանյանը ենթարկվել է խոշտանգումների և զրկվել է շուտափույթ դատաքննության իրավունքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաբանների հայտարարությունը տարածել է «Reuters» գործակալությունը։
Վարդանյանի փաստաբանները հայտարարել են, որ հայցերից մեկը կապված է խոշտանգման հետ, որին նա ենթարկվել է 2024 թվականի ապրիլին հացադուլ հայտարարելու ժամանակ։
Փաստաբանները հայտարարել են, որ, ի պատասխան Ռուբեն Վարդանյանի հացադուլ անելու հայտարարության, նրան տեղափոխել են պատժախուց, ստիպել կանգնել, արգելել են լվացվել և երկու օրով զրկել ջրից։
Մեկ այլ հայցով Վարդանյանի փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալի արագ դատաքննության իրավունքը խախտվել է` նրան անցած տարվանից կալանքի տակ պահելու հետևանքով։
Առանձին հայցով ադրբեջանական «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու թերթը մեղադրվում է Վարդանյանին զրպարտելու մեջ։
Լրատվամիջոցը նշում է, որ Ադրբեջանի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել այդ դատական հայցերը։
Ադրբեջանի իրավապահ մարմինները Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են առաջադրել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ և/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։
Ադրբեջանական կողմը Վարդանյանին ապօրինի ձերբակալել և առևանգել է Լաչինի միջանցքից՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, որից հետո Բաքվի դատարանի որոշմամբ նա կալանավորվել է և մինչև օրս գտնվում է կալանքի տակ։
The post Ռուբեն Վարդանյանին խոշտանգելու և զրպարտելու փաստերով պաշտպանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.