Երեկ՝ սեպտեմբերի 10-ին Ազգերի լիգայի խաղարկությունում կայացան երկրորդ տուրի վերջին հանդիպուները։ Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում անցկացրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։
Հանդիպումն ավարտվեց բալկանյան թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը․
«Անկեղծ ասած, գրեթե չճանաչեցի իմ թիմին։ Ես նրանց հետ ամբողջ ընթացքում խոսում էի և այն առաջադրանքները, որ տվել էի, կարելի է ասել՝ թիմը չկարողացավ կատարել։ Ամեն ինչ կարծես լավ էր, նրանց աչքերում կրակ կար։ Ասացի նրանց, որ պետք չէ գլուխները կախել, պետք է աշխատել, պատրաստվել։ Միշտ սև շրջանից հետո գալիս է սպիտակ շրջանը։
Սա ամոթ էր։ Սա ամոթ էր ինձ համար, որպես մարզիչ։ Ես Լատվիայի հետ խաղից հետո խնդրում էի թիմին չգովաբանեն, հիմա խնդրում եմ հակառակը՝ թիմին չքննադատեք։ Այդպես լինում է։ Ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Սա իմ պարտությունն է։ Չեմ ուզում, որ որևէ ֆուտբոլիստի մեղադրեն այս պարտության համար»,- ասել է Պետրակովը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։