«Հրապարակ» թերթը գրում է․ «Օգոստոսի 26-27-ին Դիլիջանում տեղի ունեցած դեսպանների երկօրյա աշխատաժողովին մասնակցած դիվանագետներից շատերն արդեն մեկնել են իրենց պաշտոնավարման երկրներ, բայց մեզ շարունակում են մանրամասներ պատմել այդ աշխատաժողովից: Գրել էինք, որ դեսպանների եւ երկրի ղեկավարության միջեւ երկխոսություն, ըստ էության, չի ստացվել, չնայած ներկա են եղել ե՛ւ վարչապետը, ե՛ւ ՀՀ նախագահը, ե՛ւ փոխվարչապետները: Վարչապետն ուսուցչի տոնով դասեր է տվել, դեսպաններն էլ աշակերտի նման լսել են: Ոմանք փորձել են կարծիք հայտնել` դիվանագիտական խուճուճ լեզվով իրենց դիտարկումները ձեւակերպելով, սակայն դա չի ընկալվել, եւ ոչ ոք չի խորացել, թե ինչ են մտածում դիվանագետները: Բայց առավել ուշագրավ է, որ որոշ դեսպաններ փորձել են քծնել գործող վարչապետին եւ, իմանալով նրա «առանձնահատկությունները», դա արել են նախկիններին փնովելու միջոցով:
Հատկապես մարդիկ ապշել են 1999 թվականից դեսպան աշխատող Աշոտ Հովակիմյանի խոսքից, ով համարյա ներկայացրել է, որ իրենք փրկվել են 2018 թվականին եւ երջանիկ են, որ նման իշխանություն է կառավարում Հայաստանում: Իսկ Հովակիմյանը 25 տարի դեսպան է աշխատել եվրոպական երկրներում, 2011-2018 թթ․ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն է եղել եւ 2019-ի փետրվարին գործուղվել է Չեխիա: 2011-ին նա ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Մխիթար Գոշ մեդալով` «դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար», իսկ 2016-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»։
Մանրամասները՝ այստեղ։