«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները իջել են իրենց «բարձունքից» եւ գնացել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի տուն ու օգոստոսի 26-ին տեղի ունեցած միջադեպի գործով պարզաբանումներ պահանջել:
Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքում հայտնի «Նվոյին» պատկանող Wine Corner Ashtarak-ում քաշքշուկ էր տեղի ունեցել: Օգոստոսի 26-ին «Հրապարակ»-ը գրեց, որ համերգի ժամանակ, որին ներկա են եղել նաեւ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ներկա է եղել նաեւ «օրենքով գողի» զարմիկը, որի հետ պաշտոնյաները վիճաբանության մեջ են մտել այն բանի համար, որ պատվիրել են երգ՝ «Вот такая доля воровскаяа»-ն, ու մարզպետը ընդիմացել է՝ ասելով. «Ես այստեղ, դու ինչ-որ գողական ե՞րգ ես պատվիրում»։
Եվ ահա, իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե ինչ ծեծկռտուք է եղել: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ մարզպետ Մովսիսյանը երդումներ է տվել, թե ընդամենը լեզվակռիվ է եղել, ծեծկռտուք չի եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ միջադեպի գործով 30-ից ավելի անձանց են այս օրերին տարել հարցաքննությունների՝ միջադեպի մանրամասները պարզելու համար:
ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ գործով քրեական վարույթը շարունակվում է:
Հատկանշականն այն է, որ իրավապահները «օրենքով գողի» զարմիկին շտապ բերման ենթարկեցին, իսկ ահա ՔՊ-ի «սրտի» պաշտոնյաները՝ ի դեմս Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի եւ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի, կրկին մնացին անպատիժ. մարդիկ, որոնք պարտավոր էին հասարակական վայրերում պատշաճ վարքագիծ դրսեւորել:
Հիշեցնենք, որ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն ու այլ ՔՊ պաշտոնյաներ հայտնվել են աղմկահարույց միջադեպերի կիզակետում, սակայն միշտ ջրից չոր են դուրս եկել, իսկ հիմա էլ մարզպետն է մի երգի համար ռեստորանում կռիվ հրահրել ու շարունակում է մնալ անպատիժ, ավելին՝ իրավապահներն են նրան այցելում:
Իսկ ինչո՞վ է իրավիճակը տարբերվում նախկին «լիսկաների» ժամանակներից. Արագածոտնի մարզում «լիսկաները» գլուխ են բարձրացրել ու իրավապահների տեսադաշտից դուրս են մնում մինչ օրս, փոխարենը քրեական աշխարհի ներկայացուցիչներն են առաջնահերթ ձերբակալվում:
«Ժողովուրդ» օրաթեթը այս իրավիճակի վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ մարզպետ Սերգեյ Մովսիսյանից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան, իսկ ահա Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի օգնականը վստահեցրեց, որ քաղաքապետը միջադեպի հետ կապ չունի»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։