Հոլիվուդյան աստղեր Ջորջ Քլունին և Բրեդ Փիթը Վենետիկի ռեստորաններից մեկն այցելելու ժամանակ որոշել են «փոխարինել» մատուցողներին, գրում է Daily Mail-ը:
Դերասաններն իրենց սիրելի կանանց՝ 46-ամյա Ամալ Քլունիի և 34-ամյա Ինես դե Ռամոնի հետ այցելել են Ristorante Da Ivo ռեստորան: Դա տեղի է ունեցել Վենետիկի միջազգային կինոփառատոնում նրանց նոր Wolfs ֆիլմի պրեմիերայից մեկ օր առաջ:
Ինչպես գրում է պարբերականը, դերասանները լուրջ են վերաբերվել իրենց գործին, մոտեցել են սեղաններին, ներկայացրել ճաշացանկը, պատվերներ գրանցել ու կատակներ արել:
«Ջորջը մոտ կես ժամ ստանձնել էր ռեստորանի կառավարումը։ Նա շրջում էր բոլոր սեղանների մոտով՝ ձևացնելով, թե ընդունում է պատվերները: Ճաշացանկը յուրաքանչյուր ճաշատեսակի համար բարդ և երկար բացատրություն ուներ, բայց Ջորջը յուրովի էր մեկնաբանում գրվածը, ինչը չափազանց զվարճալի էր: Նա բոլորիս ստիպեց ծիծաղել: Օ՜, և, ի դեպ, նրա կողքին Բրեդ Փիթն էր... Ո՞վ կհավատա մեզ»,- People-ին ասել է ռեստորանի հաճախորդներից մեկը:
Քլունին և Փիթը նույնիսկ լուսանկարվել են ռեստորանի անձնակազմի հետ:
Նշվում է, որ աստղային հյուրերը կերել են մոցարելլա, սունկ, գետնասնկով ռիզոտո, կտրատած տավարի միս, մակարոնեղեն, ինչպես նաև կարմիր և սպիտակ գինի, տիրամիսու, ելակի սորբետ: