Սեպտեմբերի 1-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» 0:3 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Լիվերպուլից»: Սա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի 118-րդ պաշտոնական խաղն էր անգլիական ակումբի գլխավորությամբ:
54-ամյա հոլանդացի մասնագետի ղեկավարությամբ «կարմիր սատանաները» տարել են 69 հաղթանակ և կրել 34 պարտություն: 15 խաղերում էլ գրանցվել է ոչ ոքի:
Ընդհանուր խաղերի տոկոսային հարաբերությամբ, Տեն Հագի ղեկավարած «ՄՅՈւ»-ն հանդիպումների 28.81%-ում պարտվել է: Այս ցուցանիշով հոլանդացին դարձել է թիմի պատմության մեջ երկրորդ ամենավատ մարզիչը, ով թիմում անցկացրել է 100-ից ավելի հանդիպում, հայտնում է Stats Foot-ը:
Ամենավատ ցուցանիշն ունի շոտլանդացի Թոմի Դոհերթին, ով «Մանչեսթեր Յունայթեդը» մարզել է 1972-1977 թվականներին: Նրա գլխավորությամբ թիմը 159 խաղից 51-ում պարտվել է (32.07%):
Ընթացիկ մրցաշրջանում Էրիկ տեն Հագի թիմը 3 տուրից հետո վաստակել է 3 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։