«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օգոստոսի 30-ին տեղի ունեցավ Դատավորների ընդհանուր ժողով: Օրակարգում ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երկու անդամների ընտրության հարցն էր: Քվեարկության արդյունքներով՝ ընտրվեցին Սլավիկ Թորոսյանը և Գաբրիել Պետրոսյանը։
ԻՆՉ Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ
ԵՎ ՈՎ ԿԱՐՈՂ Է ՆԵՐԳՐԱՎՎԵԼ
Դատավորների ընդհանուր ժողովն ունի 3 հանձնաժողով՝ Գնահատման հարցերով, Էթիկայի և կարգապահական հարցերով և ուսումնական հարցերով։ Հանձնաժողովների կազմում պարտադիր նախատեսված է ոչ դատավոր անդամի մասնակցություն, որտեղ կարևոր է նաև քաղաքացիական հասարակության ներկայությունը։ Ըստ Դատական օրենսգրքի ուսումնական հարցերի հանձնաժողովի՝ դատավոր չհանդիսացող անդամ կարող է ընտրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն: 2020 թվականին հանձնաժողովի կազմում ոչ դատավոր անդամի պաշտոնում ընտրվել են Գաբրիել Պետրոսյանն ու Հասմիկ Հարությունյանը։
Թե ինչով է հայտնի Գաբրիել Պետրոսյանը, ինչպես են վերջինիս մասնագիտական բարձր որակները ստուգվել, պարզ չէ։
Մյուս անդամ Հասմիկ Հարությունյանը հանդիսացել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբանը և քաղհասարակության ներկայացուցիչը հանձնաժողովում, վերջինս հայտնի է ոլորտային իր ակտիվ գործունեությամբ:
ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԵԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Դատական համակարգի էջում տեղադրված հաշվետվություններից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալել միջազգային կառույցների հետ: Ընդհանուր ժողովից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ այդ բլոկի պատասխանատուն եղել է Հասմիկ Հարությունյանը։ 2024 թվականի օգոստոսի 30-ին տեղի ունեցած Ընդհանուր ժողովին կրկին քննարկվել է ուսումնական հարցերով հանձնաժողովում ոչ դատավոր անդամների ընտրության հարցը։ Որպես թեկնածուներ՝ կրկին առաջադրվել են Գաբրիել Պետրոսյանն ու Հասմիկ Հարությունյանը. թեկնածուների կազմում են եղել նաև թոշակի անցած դատավոր Սլավիկ Թորոսյանը, իրավաբան-գիտնական Տիգրան Խաչիկյանը, Արման Թադևոսյանը և փաստաբան Լուսինե Մկրտչյանը։ Ըստ արդյունքների՝ հանձնաժողովի անդամներ են ընտրվել նախկին դատավոր Սլավիկ Թորոսյանն ու ոչնչով աչքի չընկած Գաբրիել Պետրոսյանը։ Ի դեպ, Սլավիկ Թորոսյանը, մինչ թոշակի անցնելը, կրկին եղել է հանձնաժողովի անդամ, թե ինչ գործունեություն է կատարել, ինչով է աչքի ընկել, հայտնի չէ։
ԴԱՏԱՎՈՐԸ ՈՉ ՊԱՏՇԱՃ ՎԱՐՔԱԳԻԾ Է ԴՐՍԵՎՈՐԵԼ
Հիմա անդրադառնանք Գաբրիել Պետրոսյանին, ով, պարզվում է, նախկինում աշխատել է որպես քննիչ, իսկ հիմա անցել է թոշակի։ Թե ինչ է կատարել 4 տարի հանձնաժողովի կազմում, ինչով է հայտնի կամ ինչ հեղինակություն ունի, պարզ չէ. այստեղ կարևոր է հասկանալ, թե ով է Պետրոսյանը։ Վերջինս Արարատի մարզի դատավոր, դատարանի նախագահ Հարութ Պետրոսյանի հայրն է, ում հովանավորությամբ էլ Գաբրիել Պետրոսյանը իր համար պետական բյուջեից, փաստացի, աշխատավարձ ապահովեց:
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Հարություն Պետրոսյանը ոչ միայն զանգահարել է դատավորներին և խնդրել, համոզել, որ ձայն տան իր հորը, այլև, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին ականատեսները, դատավորն Ընդհանուր ժողովին նույն քարոզարշավը շարունակել է նաև նիստերի դահլիճ տանող դռան մոտ անգամ, ինչը դատավորի վարքագծի կանոնների համատեքստում, թերևս, անընդունելի է:
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը անձամբ մեկնաբանություն խնդրեց դատավոր Հարություն Պետրոսյանից, ինչին ի պատասխան՝ վերջինս ասաց, որ նման բան չի եղել: Մեր այն պնդմանը, որ նա զանգահարել է դատավորների ու ավելին՝ քարոզարշավը շարունակել է նաև նիստերի դահլիճ տանող դռան մոտ, Հարություն Պետրոսյանը պնդեց, որ նման բան չի եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե չի՞ ունենա մտավախություն, եթե այս ահազանգով զբաղվեն իրավապահները, դատարանի նախագահը նշեց, որ որեւէ մտավախություն չունի:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցով դիմեց նաեւ ԲԴԽ. ի պատասխան՝ խորհրդից հայտնեցին, թե. «ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՀՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՆԴԱՏԸ ԽԼԵԼ ԵՆ»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ ժողովի ներկաները տեղում քննարկել են այն հարցը, որ Հասմիկ Հարությունյանը ոչ միայն կոնկրետ ներկայացրել է իր կատարած աշխատանքը, այլ նաև ծանոթացրել է, թե ինչ տեսակի գործողությունների անհրաժեշտություն կա, ավարտին հասցնելու ինչ ծրագրեր կան, որտեղ իր դերը էական է։ Մյուսները նման խորությամբ ծրագրեր չեն ներկայացրել: Եվ հարց է ծագում՝ ի՞նչ կարող են անել թոշակի անցած իրավաբանները հանձնաժողովում, որտեղ հսկայական աշխատանք կա միջազգային կազմակերպությունների հետ կատարելու և անգլերենի իմացության խիստ անհրաժեշտություն։ Բացի դրանից, այս իրադարձության մեջ կարևոր է նաև ուշադրություն դարձնել, որ հանձնաժողովում քաղհասարակության համար նախատեսված մանդատը, փաստացի, զավթվել է դատավորների կողմից։ Ընդհանուր ժողովն ազդակ է, որ ներսից ընթանում են կործանարար պրոցեսներ, որոնք կարող են էլ ավելի վտանգավոր դառնալ ու նոր խնդիրներ առաջացնել, քանի որ մոտ 100 դատավոր ինքնուրույն մտածել և ընտրել չի կարողանում։
ՔՊ-ԻՆ «ՍԵՐՏԱՃԱԾ» ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
Իսկ ինչ վերաբերում է Հարություն Պետրոսյանին, նա ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանի օգնականի՝ ծեծի արդյունքում վնասվածքներ ստացած ու հետո մահացած փոխգնդապետի գործով դատավորն է, ով փոխել է մեղադրյալի կալանքը։ Հատկանշական է, որ Տրդատ Սարգսյանի եղբայրը՝ Դավիթ Սարգսյանը, ով հասցրել է արագացված կարգով դատավոր դառնալ, 2020 թվականին ցանկացել է ուսումնական հարցերով նույն հանձնաժողովի անդամ դառնալ, սակայն, ինչպես նշեցինք, ընտրվել էր Հասմիկ Հարությունյանը։ Ինչ կապ կա դատավոր Հարություն Պետրոսյանի, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի ու վերջինիս եղբայր Դավիթ Սարգսյանի միջև, ինչն է վերջիններիս միավորում՝ կասկածների տեղիք է տալիս։ Սակայն մի բան այս ժողովից հետո ակնհայտ է, որ Հարություն Պետրոսյանը դատավորից պահանջվող վարքագծին ոչ հարիր վարքագիծ է ցուցաբերել, ինչը, ամեն դեպքում, իրավական գնահատականի պետք է արժանանա:
Հիշեցնենք, որ Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ն ԱԺ դահլիճում նսեմացրեց ու հեռացրեց Ազգային ժողովից, հիմա էլ նրա քրոջը «մաքրեցին»….
ՔՊ-ի վրեժխնդրությունը սահմաններ չունի. եւ այդ ամենը նրա համար, որ Հայկուհի Հարությունյանը ՔՊ-ականների ունեցվածքի մասով վարույթներ էր հարուցել ԿԿՀ նախագահի պաշտոնում, ինչը նրան չներվեց»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։