Երևանի սրտում գտնվող Կասկադ համալիրը քաղաքի մշակութային ու զբոսաշրջային առանցքներից մեկն է։ Այն կարևոր նշանակություն ունի՝ որպես քաղաքի սոցիալական կենտրոն՝ դառնալով հանդիպման, զբոսանքի և միջոցառումների անցկացման վայր։
Երևանի քաղաքապետարանը որոշում կայացնելու համար հետաքրքվել է, թե ինչպիսին կցանկանան մարդիկ տեսնել Կասկադ համալիրը:
«Սիրելի՛ երևանցիներ, Երևանի քաղաքապետարանին որոշում կայացնելու համար հետաքրքիր է, թե ինչպիսին կցանկանաք տեսնել Կասկադ համալիրը։ Ձեզ ենք ներկայացնում երկու տարբերակ, որոնց նկարագրերը կտեսնեք այստեղ»,- հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Կասկադ այգիներ
Ներկայիս Կասկադ համալիրի նախագծի գաղափարի հիմքում ընկած է քարի, ջրի և կանաչի համադրումը, ինչը պահպանվել է ներկայացվող ժամանակակից արվեստի թանգարանի հայեցակարգում։
Թանգարանի բացօթյա հարթակները հնարավորություն են ստեղծելու ունենալ դիտակետեր, որտեղից բացվելու են տեսարաններ դեպի Երևան քաղաքը, Արարատ լեռը, Մայր Հայաստանի արձանը և Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանը։
Թանգարանի նախագծում ներառված են նաև ռեստորաններ, արվեստի, երաժշտության և կինոյի նոր մշակութային վայրեր, բացօթյա դահլիճներ և շատ այլ հանրային տարածքներ։
Թանգարանի կենտրոնով անցնող աստիճաններով և շարժասանդուղքներով ճանապարհը կապվելու է Հայաստանի կարևոր խորհրդանիշներին՝ այցելուներին փոխհարաբերության մեջ դնելով շրջակա լանդշաֆտի խորհրդանշական տարրերի հետ՝ ներառելով Հայաստանի պատմությունը համալիրի փորձառության մեջ:
Կասկադ մշակութային հանգույց
«Նոր Կասկադ» նախագիծը, ներկայիս Կասկադի գագաթին վեր խոյացած, տեկտոնական սալերից կազմված, վերացական Կասկադ ձևավորող մի եզակի կառուցվածք է ներկայացնում: Հորիզոնական դիրքով կառուցված տեռասների շարքը, կարծես թե, Կասկադի վերևում հորիզոնական գծերի թեթև խաղ լինի՝ ընդգրկելով հարակից թաղամասերը և նոր ծավալներ ավելացնելով քաղաքային բնապատկերին:
Նախագծով նախատեսվում է համալիրի անմիջական շրջապատի անտառների լայնածավալ վերականգնում, որը կանաչ տարածքների ընդլայնման միջոցով կնպաստի էկոլոգիական կայունությանը:
«Նոր Կասկադ» նախագիծը կազմված է հանրային անցումներից՝ լրացված տեռասներով, սրճարաններով և ռեստորաններով, որոնք էլ ստեղծելու են աշխույժ մթնոլորտ: Կենտրոնական հատվածում նախատեսվում է 1000 նստելատեղով համերգային և երաժշտական սրահ:
Այս նախագծի առանձնահատկություններից մեկը ժամանակակից արվեստի նոր կենտրոնն է՝ քաղաքին նայող իր ընդարձակ տեռասներով, որոնք լայն հնարավորություններ են բացում գեղարվեստական և մշակութային փոխանակման համար: