Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե Արցախում տեղի է ունեցել պետական հեղաշրջում, որի հետևանքով նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել, ինչն էլ առիթ է հանդիսացել ադրբեջանական ագրեսիայի համար, չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Այդ օրերին Արայիկ Հարությունյանի հրաժարականը հիմնականում պահանջում էին Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի գլխավորած ուժերը, այլ ոչ թե նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը»,-ասել է նա։
Բեգլարյանը պնդում է, որ Ադրբեջանի ագրեսիան պայմանավորված չէր Արայիկ Հարությունյանի հրաժարականով կամ ինչ-ինչ պայմանավորվածությունների խախտմամբ, որ նրա օրոք է ձեռքբերվել։
Խոսելով ՀՀ իշխանությունների այն պնդման մասին, թե Արցախի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝ հանդիպելու արևմտյան հովանու ներքո ադրբեջանցիների հետ՝ Բեգլարյանը նկատում է, որ արցախցիները չեն հրաժարվել, իսկ այդ հանդիպումն էլ միջազգային հովանու ներքո չի առաջարկվել։