Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թբիլիսիում կայացած հանդիպմանը քննարկել են անվտանգային իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, գրում է newsgeorgia.ge կայքը։
«Զրույցի ընթացքում շոշափվել է աշխարհում և տարածաշրջանում անվտանգային իրադրությունը, ինչպես նաև այդ մարտահրավերներին դիմակայելու համար համատեղ ջանքերի կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև առկա բարեկամական կապերին և պաշտպանության ոլորտում համագործակցությանը։ Նշվել է, որ տարեսկզբին ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը լավ հիմք է ստեղծում տարբեր ոլորտներում գործընկերության խորացման համար։
Այսօր Պապիկյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Իրակլի Չիկովանիի հետ։ Երկկողմ և ընդլայնված ձևաչափերով կողմերը քննարկել են երկու գերատեսչությունների միջև 2024 թվականի համագործակցության ծրագիրը, որը կազմվել է մի քանի ամիս առաջ։