Աղոթում եմ Աստծուն, որ գերության մեջ գտնվող Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի և մյուսների հետ ոչինչ չպատահի. այս մասին օկուպացված Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ իր ուղերձում ասել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Աղոթում եմ, որ նրանք հնարավորինս շուտ վերադառնան իրենց ընտանիքները, վերադառնան Հայաստան, որովհետև դժվար թե նրանք համաձայնեն մնալ այն Լեռնային Ղարաբաղում, որտեղ այլևս հայ չի մնացել»,- գրել է նա։
Նա նշել է, որ իր պարտքն է համարում ցավակցել հայրենիքը կորցրած արցախցիներին:
«Սա, անշուշտ, մեծ ողբերգություն է: Եվ անկախ նրանից, թե ով ինչ ասի այս մասին, ես վստահ եմ, որ մենք Ռուսաստանում չենք կարող չհայտնել մեր համակրանքը, ինչպես նաև ցանկությունը՝ օգնելու ձեզ այսօրվա իրավիճակում: Ես հիմա չեմ ուզում խոսել քաղաքական խնդիրների մասին, մեղավորների անուններ տալ, թեև նրանք, իհարկե, կան։ Ուղղակի ուզում եմ ասել, որ նման պահին ռուսները, եթե իսկապես ռուս են, չեն կարող չզգալ կարեկցելու և օգնելու ցանկություն մեր հավատակիցների՝ հայերի նկատմամբ: Նրանք թողել են իրենց տները, հարազատ վայրերը, եկեղեցիները, վանքերը և, ինչպես գիտենք, շատ կարճ ժամանակում ստիպված են եղել փախստական դառնալ»,- ընդգծել է պատգամավորը։
Զատուլինը վստահություն է հայտնել, որ ապագայում կգտնվեն լուծումներ, որոնք թույլ կտան, առանց բռնության դիմելու, վերականգնել արդարությունը և Արցախի բնիկ բնակիչները կրկին վերադարձնել:
«Սա իմ ցանկությունն է։ Սա իմ հույսն է»,- ընդգծել է պատգամավորը։
Զատուլինը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանում գտնվող ոչ անտարբեր մարդիկ պետք է համերաշխություն ցուցաբերեն տուժած մարդկանց։