Այսօր՝ օգոստոսի 30-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով: Ըստ բժշկական կենտրոնի հայտարարության՝ մահացածին տեղափոխել են «կենսաբանական մահ, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր, պարանոցի կտրած վերք» ախտորոշմամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նա տեղափոխվել է Այգավան գյուղի Մակուի փողոցի թիվ 15 տան մոտից, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր և կայանված ավտոմեքենա, որի վրա նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր։ Մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է դանակ, որը, ըստ կասկածների, հնարավոր է հանցագործության գործիքը լինի:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ սպանվածն օրեր առաջ էր նշանադրվել: