Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր 12 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել ՌԴ երկնքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով:
«Անցած գիշերվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձի ժամանակ ՀՕՊ-ի հերթապահ միջոցները ոչնչացրել 12 ինքնաթիռային տիպի ԱԹՍ», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուներից 8-ը խոցվել են Վորոնեժի մարզի տարածքում, 4-ը՝ Ռոստովի։
Մի շարք լրատվամիջոցների ու թելեգրամյան ալիքների հաղորդմամբ՝ ՌԴ Ռոստովի մարզում ուկրաինական ԶՈւ-ի հարձակման հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել Կամենսկի շրջանի նավթի պահեստում։
Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է ժամը 03։00-ի սահմաններում, երբ պահեստի տարածքում ուկրաինական երկու անօդաչու է ընկել։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Համացանցում հայտնված կադրերը վկայում են, որ հրդեհը բավական խոշոր է։ Ըստ լրատվամիջոցների՝ հրդեհվել է վառելիքի երեք ցիստեռն։
Հրդեհի կադրերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։