Լոնդոնի Նոթինգ Հիլի շրջանում Կարիբյան կառնավալի երկրորդ օրը տուժել է 8 մարդ, որոնցից 5-ը դանակահարվել է: Այս մասին հաղորդել է Լոնդոնի ոստիկանությունը։
Կառնավալի առաջին օրը ոստիկանությունը հայտնել է դանակահարության երեք դեպքի մասին: Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ոստիկանությունը նաև հաղորդել է, որ կառնավալի երկու օրերի ընթացքում բերման է ենթարկվել 249 մարդ։
«Գրանցվել է դանակահարության հինգ դեպք, երկու հոգի կտրած վերքեր են ստացել, ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել այրող նյութի հետ կապված... Դանակահարվածներից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում», - ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ տուժել է իրավապահ մարմինների 35 աշխատակից, նրանք բոլորն անհրաժեշտ օգնություն են ստանում։
Բացի այդ, ոստիկանությունը հաղորդում է, որ ձերբակալվածների թիվը կառնավալի երկրորդ օրը հասել է 230-ի։
Նոթինգ Հիլի ավանդական կառնավալը Լոնդոնի հյուսիս-արևմուտքում անցկացվում է 1966 թվականից: Ամեն տարի Եվրոպայում այս խոշորագույն փողոցային փառատոնին են այցելում ավելի քան մեկ միլիոն բրիտանացիներ և զբոսաշրջիկներ: Կառնավալի օրերին Լոնդոնում կտրուկ աճում է բռնության և հանցագործությունների մակարդակը, հատկապես՝ սառը զենքի գործադրմամբ, ինչպես նաև թմրանյութերի գործածման և ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները: