Այսօր՝ օգոստոսի 26-ին, բացահայտվել է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանության դեպք։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած, Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Իշխան Սիմոնյանը։
Վերջինս դուրս էր եկել տանից և չէր վերադարձել և 2 օր նրան որոնելուց հետո Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ նրա մասին տեղեկություններ ունենալու համար ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ այդ թվում «02» հաղորդաշարով։
Ոստիկաններն ու քննիչներ օրեր շարունակ փորձում էին պարզել, թե վերջին անգամ որտեղ և ում հետ է եղել Ի․ Սիմոնյանը։
Պարզվել է, որ նա եղել է նաև Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Սոկրատ Ս․-ի հետ ու ոստիկանները մեկնում են վերջինիս բնակության հասցեն, սակայն նա տանը չի լինում։ Ոստիկանները 1 օր նրա բնակության վայրը հսկողության տակ են վերցնում:
Այսօր՝ օգոստոսի 26-ին, Սոկրատ Ս․-ն, հավանաբար տեղեկանալով, որ ոստիկաններն ու քննիչները դուրս են եկել իր հետքի վրա, իսկ ոստիկաններն էլ հսկողության տակ են վերցրել իր բնակության վայրը, ինքնակամ ներկայանում է ոստիկանություն և հայտնում, որ սպանությունը ինքն է կատարել ու պատրաստակամություն է հայտնում մատնացույց անել սպանության վայրը:
Նշված վայրը Ջրվեժ թաղամասից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածն է, այդ հատվածում էլ նա մատնացույց է անում դիակի տեղը։
Քննիչի որոշմամբ, Ս․ Սարգսյանը ձերբակալվել է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել։