Ուժայինները ներխուժել են Վոլգոգրադի մարզի թիվ 19 ուղղիչ գաղութ, որտեղ բանտարկյալները պատանդ էին վերցրել մի քանի աշխատակցի․ բոլոր պատանդներն ազատ են արձակվել։
Այս մասին հաղորդում է RT ալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հատուկջոկատայինների գրոհը տևել է կես ժամ՝ տեղական ժամանակով 16.00-16.30-ը։ Նշվում է, որ գրոհի ժամանակ 23-ամյա տաջիկստանցի բանտարկյալ Նավրուզին փորձել է իրեն պայթեցնել մահապարտի ժիլետի օգնությամբ: Սակայն համակարգը չի աշխատել, և հատուկջոկատայինները հասցրել են նրան վերացնել։
Ըստ լրատվամիջոցների՝ պատանդառուները եղել են չորս հոգի․ 2-ն՝ Ուզբեկստանի, 2-ը՝ Տաջիկստանի քաղաքացիներ։
Բոլոր պատանդներն ազատ են արձակվել, իսկ չորս բանտարկյալները վնասազերծվել են։
Հիշեցնենք, որ գաղութում չորս բանտարկյալ հարձակվել էր աշխատակիցների վրա՝ պատանդ վերցնելով նրանց։ Բանտարկյալները սպանել էին աշխատակիցներից մեկին։ Նրանք պահանջում էին ուղղաթիռ և 2 մլն դոլար։