Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն կոչ է անում Ուկրաինայի իշխանություններին չխախտել ուղղափառ համայնքի պատմականորեն հաստատված միասնությունը։
Գարեգին Բ-ն ընդգծել է գոյություն ունեցող կրոնական համայնքների, հավատացյալների և հոգևորականների իրավունքների պաշտպանության և սուրբ վայրերի անձեռնմխելիությունը հարգելու անհրաժեշտությունը:
Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի Գերագույն Ռադայի որոշումը, որով թույլ է տրվում արգելել կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցին։
«Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր դիրքորոշումն է հայտնել Ուկրաինայի կրոնական կյանքի հետ կապված այս տագնապալի խնդրի առնչությամբ, երբ կրոնական կազմակերպությունների գործունեության ոլորտում սահմանադրական կարգի պաշտպանության մասին օրենքը դեռ մշակման փուլում էր։ Ցավոք, այս օրինագծի վավերացման հնարավոր անցանկալի հետևանքների և ուղղափառների վրա դրա բացասական ազդեցության վերաբերյալ Հայ Եկեղեցու և մյուս եկեղեցիների կողմից արտահայտված արդարացի մտահոգությունները արձագանք չգտան, որոշումներն ընդունվեցին ստեղծված քաղաքական իրավիճակի ազդեցությամբ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմում է Ուկրաինայի բարեկամ ժողովրդի զավակներին՝ իշխանություններին և օրենսդիրներին՝ կոչ անելով չխախտել ուղղափառ համայնքի պատմականորեն հաստատված միասնությունը, պաշտպանել գոյություն ունեցող կրոնական համայնքների, հավատացյալների և հոգևւորականների իրավունքները, հարգել սրբավայրերի անձեռնմխելիությունը»,- նշել է քահանա Արթենյանը։
Նա հավելել է, որ Հայ առաքելական եկեղեցու և բարեպաշտ ժողովրդի ցանկությունն է, որ Աստծո ողորմածությամբ շուտափույթ լուծվի ռուս-ուկրաինական հակամարտությունը, բացառվեն եկեղեցական կյանքը խաթարող անընդունելի երևույթները և վերականգնվեն եղբայրական ժողովուրդների՝ դարերով փորձված բարեկամության հարուստ ավանդույթները։