Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ոչխարաբուծության և այծաբուծության, մթերատվության բարձրացման և մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրերը։ Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ տեղեկացնելով, որ ծրագրի շրջանակներում կներկրվի 10,000 գլուխ ոչխար ու այծ։
«Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում կովերի արհեստական սերմնավորման գործընթացի միջոցով կբարելավվի տավարի տոհմային հատկանիշները և կբարձրացվի անասունի մթերատվությունը։ Իսկ մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրով մարզերը կհամալրվեն 10.000 մեղվաընտանիքներով։
Անդրադառնալով ներկայացված ծրագրին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ակնհայտ է՝ ոչխարաբուծությունը գյուղատնտեսության ամենաեկամտաբեր ոլորտներից է, բայց իրենք այդպես էլ չեն կարողանում քաջալերել քաղաքացիներին ոչխարաբուծությունը զարգացնել։
Նրա խոսքով՝ տվյալները ցույց են տալիս, որ շատ է գառների ներմուծումը, իսկ որոշ ժամանակ անց՝ արտահանումը։
«Մենք տարբեր իրավիչակներ ենք ունենում և դրանց ուսումնասիրությունից հարց է ծագում՝ եթե այս պրոցեսը կա, ինչու տեղում չենք կազմակերպում։ Պետք է նաև ասեմ, որ այս հարցի պատասխանները երբեմն անսպասելի են։ Օրինակ՝ վերջերս գյուղերից մեկում ժողովրդի հետ էի շփվում, և բոլորն ընդունում էին, որ ոչխարաբուծությունը, մասնավորապես՝ գառների արտահանումը, ամենաշահութաբեր ոլորտներից մեկն է։ Երբ ուզում էի հասկանալ՝ ինչն է պատճառը, որ գլխաքանակ չի ավելանում, լսեցի ինձ համար, թերևս, հնարավոր ամենաանսպասելի պատասխանը։ Ասացին՝ հովիվների պրոբլեմ կա։ Չեն կարող հովիվ գտնել, որովհետև ոչխարն այն տեսակն է, որին արոտավայրերում պետք է հովիվները արածեցնեն»,-ասաց նա՝ շեշտելով, որ զրույցը Ծիլքար գյուղում է եղել։
Նրա խոսքով՝ չնայած իրականացվող ուսումնասիրություններին, միևնույն է խնդիրները հասկանալու համար պատասխանները պետք է կյանքից վերցնել, քանի որ որևէ փաստաթղթում իրենք դա չենք կարդացել ու չեն էլ կարդա
«Սա պրոբլեմ է և մենք տարբեր տեղերում ենք այս պրոբլեմին բախվում», - եզրափակեց Փաշինյանը։