Տասնյակ ծայրահեղ ուղղադավան հրեաներ փակել են Երուսաղեմում իսրայելական բանակի զորակոչային տեղամասի մոտ գտնվող մի քանի փողոցներ՝ դեմ հանդես գալով իրենց համայնքի անդամների զորակոչին: Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։
Ըստ ոստիկանության՝ անկարգությունների մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանական փակոցը և բախումներ հրահրել, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ բղավել ոստիկանների հասցեին։
Ոստիկանությունն, ի վերջո, ուժ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։
Իսրայելի Գերագույն դատարանը հունիսի վերջին միաձայն որոշում է ընդունել, որ ծայրահեղ ուղղադավան հրեաները պետք է զինված ուժեր զորակոչվեն, ինչպես բոլորը: Դատավորները նշել են, որ Իսրայելում բացակայում է իրավական հիմքը՝ բանակի տարկետում տրամադրելու կրոնական ուսումնարանների սաներին։
Մինչ այժմ ծայրահեղ ուղղադավան հրեաներն ազատված են եղել զինվորական ծառայություն անցնելու պարտականությունից: Պատերազմական պայմաններում այս բացառությունը բուռն քննարկումների տեղիք է տվել հասարակության մեջ։