Լավրովի հայտարարությանը ՀՀ ԱԳՆ արձագանքը Երևանի կողմից իր ռազմավարական սխալների մեղքը ՌԴ վրա գցելու հերթական օրինակն է։ Երևանի քաղաքականությունն այնպիսին է, որ պետք է գտնել մեղավորների, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Խաղաղության համաձայնագրի, այսպես կոչված, փաթեթն իր մեջ ներառում է նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը: Այնինչ, Երևանն իր վրա պատասխանատվություն չի վերցրել՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհի ապաշրջափակման հարցը կարգավորելու համար: Հարցի վերջնական լուծումը չի հաջողվում հենց Երևանի անզիջում դիրքորոշման պատճառով»,-հավելել է Զախարովան:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ի խոսնակն արձագանքել էր ՌԴ ԱԳ նախարարի այն հայտարարությանը, ըստ որի՝ հենց Հայաստանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածությունը։