Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 4-րդ բաց օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր, հայտնում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 21-27-ը Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքում՝ երկու փուլով: Օլիմպիադային մասնակցել է 55 երկրի 195 աշակերտ. յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ։
Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Արփի Պրազյանն արժանացել է բրոնզե մեդալի, իսկ «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի սան Քրիստինա Հայրապետյանը՝ գովասանագրի։ Օլիմպիադային մասնակցել են նաև Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Նարե Խաչատրյանը և Գեղարքունիքի մարզի Գավառի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Հայուհի Միքայելյանը։
Հայաստանի թիմը ղեկավարել են Արմեն Անդրեասյանը (ԵՊՀ դասախոս) և Սամվել Անդրեասյանը (ԵՊՀ ուսանող)։
Հայաստանի թիմի մասնակցությունն օլիմպիադային ապահովվել է Jane Street, IQ Soft, Zoomerang ընկերությունների հովանավորությամբ:
Հիշեցնենք, որ ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է Շվեդիայում, որին ՀՀ թիմն արժանացել էր 1 արծաթե և 3 բրոնզե մեդալների։